Մատչելիության հղումներ

Տեղ համայնքում որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները հետ չի ստացել. ավագանու անդամ 


Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյան
Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյան

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները ետ չի ստացել, «Ազատության» հետ զրույցում պնդեց համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։ Նա, համագյուղացիների նման, արդեն երեք ամիս է զրկված է իր վարելահողերից։

Մարտի վերջին ադրբեջանական զինուժի հերթական ներխուժումից հետո, Տեղի բնակիչները անակնկալի եկան, երբ բացահայտեցին, որ իրենց ցորենի դաշտերում ադրբեջանցիները խրամատներ են փորել ու դիրքավորվել։

Չնայած մերթ ընդ մերթ հնչող պաշտոնական հավաստիացումներին, թե բարելավում է եղել, ադրբեջանցիները որոշ տեղերում ետ են գնացել, համայնքի բնակիչները պնդում են՝ որևէ մեկը իր վարելահողը ետ չի ստացել. - «Հիմնական մասերը իրանց ձեռն ա։ Հինգ մետր, տասը մետր, հիսուն մետր գնալը հո դա հետ գնալ չի։ 82 հեկտար մի տարածքում ա, 12 թե 13 հեկտար մի տարածքն ա, 7 հեկտար էլ մի մասն ա։ [Իրավիճակը] Նույնն ա։ Ես ինչ տեսել եմ, նույնը մնում ա։ Հիմնական մասերը, որտեղ իրանք առաջից են նստել, ընտեղ էլ մնում են, մի մետր էլ հետ չեն գնացել»։

Անձամբ Զեյնալյանը երկու հեկտար է կորցրել, որտեղ հիմա ադրբեջանցիներն են. - «Բոլորի հողի վրա նստած են... Պրոստը ես որ խոսում եմ, մտածում են իմ հողի համար եմ կռիվ տալիս, չէ։ Դա ամբողջ ժողովրդի հարցն ա»։

Մարզպետը խոստանում է փոխհատուցել Տեղում վարելահողեր կորցրած բնակիչների մեկ տարվա կորուստները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ խորհրդարանում պնդել էր, թե Տեղ համայնքում որոշ հատվածներից ադրբեջանցիները ետ են գնացել, սակայն այդպես էլ չէր հստակեցրել, թե կոնկրետ ո՞ր հատվածից և որքա՞ն։

Ադրբեջանական զինուժի հերթական ներխուժումից հետո, Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Տեղ համայնքում 5 սահմանային կետերով ադրբեջանցիները մինչև 300 մետր առաջ են եկել Հայաստանի տարածք, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին։

Բացի նրանից, որ Տեղ համայնքի բնակիչները շարունակում են զրկված մնալ իրենց վարելահողերից, նաև առայսօր փոխհատուցում չեն ստացել ադրբեջանական զինուժի ներխուժման հետևանքով ունեցած կորուստների համար։

Ավագանու անդամ Զեյնալյանն ասաց, թե մարզպետը եկել է իրենց համայնք, հանդիպել է բնակիչներին, խոստացել է փոխհատուցել մեկ տարվա կորուստները։

Սյունիքի մարզպետը երեկ բացատրեց, թե ինչու են պատրաստվում փոխհատուցել հենց մեկ տարվա համար. - «Այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն, քանի որ ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա էնտեղ, որտեղից որ առաջ է եկել»։

Անցած երկու տարիների ընթացքում ադրբեջանական զինուժը միայն Սյունիքի մարզում մի քանի ուղղություներով ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և հաստատվել այդ դիրքերում։ Նախ 2021-ի մայիսի 12-ին մինչև 3,5 կմ խորանալով՝ հաստատվեցին Սյունիքի Սև լճի տարածքում։ Վարչապետ Փաշինյանն այն ժամանակ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք որակեց, հայտարարելով, թե Բաքուն կեղծ քարտեզներով փորձում է Հայաստանի ինքնիշխան տարածքներին տիրանալ։ Չնայած վարչապետի հայտարարությանը, թե պետք է դիվանագիտական ճանապարհով հասնել նրան, որ Ադրբեջանի զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր, նրանք այդպես էլ ետ չգնացին և ավելի քան երկու տարի շարունակում են մնալ Հայաստանի տարածքում։

Ադրբեջանական այս մի ներխուժման հետևանքով Սև լճի հարևանության գտնվող Վերիշեն համայնքը զրկվեց վարելահողերից։ Համայնքի նախկին ղեկավար Արարատ Օրդյանի փոխանցմամբ, միայն Սև լճի տարածքում ադրբեջանիցները երկու դիրք են տեղակայել։ Ըստ Օրդյանի, եթե մինչև 2021 մայիսը, լճի 70 տոկոսը Հայաստանի տարածքում էր, 30-ը՝ Ադրբեջանի, ապա այժմ ադրբեջանական զինուժը գրեթե ամբողջությամբ վերասհակում է այն, և միայն շատ փոքր հատվածին մոտենալու հնարավորության կա. - «Շաբաթը մի անգամ մենք գնում ենք ընկերներով... էնքան որ գնանք Սև լիճ, մի հատ լվացվում, գալիս»։

Ներքին Հանդում մեկ տարի է զրկված են խմելու ջրից, փակ է նաև դպրոցը

Մեկ տարի անց՝ արդեն 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, ադրբեջանական զինուժը առաջ եկավ նաև Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այն ժամանակ տեղեկացրել էր, որ այս հատվածում ադրբեջանական ուժերը մխրճվել են 1-2 կմ խորությամբ։

Ներքին Հանդի համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանի փոխանցմամբ, իրենց գյուղի մոտ ադրբեջանցները 10-ից ավելի դիրքեր են դրել, մի քանիսը գյուղից ընդամենը 400 մետրի վրա են։

Այս համայնքը զրկված է 140 հեկտար վարելահողից, մի հատվածում ադրբեջանցիներն են, մյուս մասը միջդիրքային տարածք է դարձել և անհնար է մշակել։ Գյուղում այլևս անասուն չեն պահում, վտանգավոր է։

Սեպտեմբերյան հարձակումից հետո փակ է գյուղի դպրոցը։ Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել նաև Ներքին հանդ մտնող խմելու ջրագիծը։ Բնակիչների տներում ծորակից ոռոգման ջուր է հոսում, խմելու համար մոտակա աղբյուրից են օգտվում։

«Խմելու ջուր չունենք, գերեզմանոցները չենք կարողանում գնանք, անասուն չենք կարողանում պահենք... տենց էլի, ապրում ենք», - ասում է Ներքին Հանդի համայնքապետը։

Պաշտոնական Երևանը բազմիցս է պնդել՝ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի ինքնիշախան տարածքներից։ Սակայն հստակ չէ, թե արդյոք դա տեղի կունենա խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ, թե հետո։ Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունը այս հարցը պայմանագրի ստորագրման նախապայման չի դիտարկում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG