Հայաստանի վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, ենթակաները կարող են թերանալ, այսօր հայտարարում էր Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չեն կատարվում երկրի ղեկավարի հրահանգները։
Հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Տեղ համայնքում դեպքերի զարգացումը կանխատեսվել է, տվել է հանձնարարականներ, որոնց կատարումը ձախողվել է։
«Էդ հանձնարարականները պետք է կատարված լինեին, եթե կային: Հիմա էդ հանձնարարականների մասով ես հիմա չեմ կարող ասել՝ երբ է տրվել հանձնարարական, բայց որ հանձնարարական չէր կարող տրված չլինել, դա կարող եմ վստահաբար ասել: ԱԱԾ-ում անպայման կլինի, նաև անհրաժեշտության դեպքում Զինված ուժերում էլ կլինեն ծառայողական քննություններ, որովհետև այստեղ և՛ Սահմանապահ զորքերը ունեցել են գործառույթ, և՛ Զինված ուժերն են ունեցել, այստեղ ներդաշնակման խնդիրներ կան», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Մինչ իշխանական Անդրանիկ Քոչարյանը պնդում էր՝ վարչապետը հանձնարարականները տվել է ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի մարտի 30-ի հայտարարություններն էր հիշեցնում։ Երկու շաբաթ առաջ, երբ ադրբեջանցիները հաղորդում էին մի շարք բարձունքներ վերցնելու մասին, սյունեցիներն էլ՝ պնդում, թե ադրբեջանցիները Տեղ գյուղի հողեր են մտել, վարչապետը կառավարության նիստում հավաստիացնում էր, թե հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նույն նիստում նա նաև հույս էր հայտնում, որ հայկական կողմից սահմանապահների տեղակայմանը զուգահեռ Ադրբեջանն էլ նույնը կանի ու առանց սադրանքների։
«Արդեն մարտի 30-ին թշնամին առաջխաղացում էր ունեցել կամ մարդը ընդհանրապես էդ աթոռի հետ կապ չունի, որովհետև իր ԱԱԾ-ն, իր Զինված ուժերը կա՛մ նրան չեն զեկուցում, կա՛մ նա ընդհանրապես որևէ ձև էդ երկկողմանի կապը չի ապահովում, որ նրան զեկուցեն կարևոր իրավիճակի մասին», - ասաց Մանուկյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը զարմացել էր, որ Տեղ գյուղի արյունալի միջադեպից հետո նախ պետական շենքերի պահպանությունն էր խստացվել:
«Գործող կառավարիչները Հայաստանի Հանրապետության համար մի սահման ունեն՝ կառավարական դաչեքը ու վարչապետի կաբինետը, որովհետև միայն էդ են պաշտպանում: Ես մեղմ ասած զարմացած էի, երբ վերջին ագրեսիայի ընթացքում մի քանի օր առաջ Ազգային ժողովի շենքից դուրս եկա ու հայտնաբերեցի, որ Ազգային ժողովի շենքը պահպանվում է մի քիչ ավելի լավ, քան Հայաստանի Հանրապետության պետական սահմանը», - ընդգծեց Մամիջանյանը:
Չվիճարկելով ադրբեջանական սադրանքը՝ ընդդիմությունն այս օրերին իշխանության մեղքն էլ է տեսնում՝ եթե ամիսներ առաջ էր հայտնի Հայաստան-Արցախ երթուղու փոփոխության մասին, ինչից հետո ադրբեջանցիները հայտնվեցին Տեղ գյուղի տարածքում, ինչո՞ւ նրանց ոչ ոք չդիմավորեց, նաև հարցնում են՝ ինչո՞ւ ժամանակին չեն կատարվել ամրաշինական աշխատանքներ, բարենպաստ դիրքավորում։
«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Տեղ գյուղում վերջին զարգացումների վերաբերյալ ՊՆ-ն ու ԱԱԾ բարձրաստիճանների հետ երեկվա փակ հանդիպումից հետո էլ պնդում էր՝ բացթողումը քաղաքական իշխանությունն է։
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ արձագանքելով ընդդիմությանը, ասաց. - «Երբ որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող որևէ սուբյեկտ, առավել ևս Ազգային ժողովի պատգամավոր, ոչ թե ասում է հասցեական, որ սադրանքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, այլ սկուտեղի վրա մատուցում է Ադրբեջանին մի թեզ, ըստ որի Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է մեղավոր այս իրավիճակի համար, կներեք, բայց այստեղ մենք կրկին գործ ունենք 5-րդ շարասյան գործելաոճի հետ»:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. - «Դատախազություն հարցում եմ արել՝ հայրենիքի դավաճանության հոդվածով ամբողջ պատերազմի ընթացքում քանի՞ քրեական գործ եք հարուցել, պատասխանում են՝ զրո: Ամբողջ այս երեք տարվա ընթացքում թիրախավորվել են բոլորը՝ ինչ-որ պահի նախկիններն էին, զինվորականներն էին, հիմա օդի մեջ 5-րդ շարասյուն ասածը»:
Երբ Փաշինյանը խորհրդարանում խոսում էր անվտանգության ապահովման մի շարք հանձնարարականների ձախողման մասին, գրեթե միաժամանակ պաշտոնանկ արվեց ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատարը՝ առանց որևէ պարզաբանման։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երեկ «քաղաքական հարցադրում» որակեց «Ազատության» պարզ հարցը՝ ինչո՞ւ Մարալչյանն ազատվեց պաշտոնից։
Տեղ գյուղում թերացումների ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկության միջև 2 օր առաջ Հանրայինի եթերում ուղիղ կապ տեսնող Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Քոչարյանն այսօրվա ճեպազրույցների ընթացքում արդեն ասում էր՝ դրանք կարող է կապված են, կարող է՝ ոչ։
«Պետք է ծառայողական քննությունը տա պատասխանը, կարող է և Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնազրկումը կապված չի, կարող է և կապված է, կարող է նաև պաշտոնների տեղաշարժ լինեն», - նշեց Քոչարյանը:
«Միշտ փորձում են քավության նոխազներ գտնել, եթե Սահմանապահ զորքերի հրամանատարին հանում են, նշանակում է, որ ծառայողական քննությունը ավարտվել է, բայց երեկվա մեր փակ հանդիպումից կարելի է տպավորություն ունենալ, որ ծառայողական քննությունը չի արվարտվել», - ընդգծեց Մանուկյանը:
Ծառայողական քննությունն, ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ վերջին դեպքերից վրդովված մարդկանց փոքր-ինչ հանգստացնելու համար է։ ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար դեռ չի նշանակվել։