Թեկնածուի կարգավիճակ Վրաստանին
Եվրամիությունն իր համաձայնությունը տվեց Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին, սակայն չկարողացավ համոզել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին դաշինքի կողմից Կիևին 50 միլիարդ եվրոյի տնտեսական օգնություն տրամադրելու հարցում։
Ողջ գիշեր շարունակված քննարկումների ընթացքում միության անդամ 26 երկրներին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող Օրբանի դիմադրությունը։
Ուկրաինան մինչ այդ էլ խոչընդոտների է բախվել Միացյալ Նահանգներից օգնություն ստանալու հարցում․ անցած օրերին իր վաշինգտոնյան այցի ընթացքում նախագահ Վլադիմիր Զելենսկուն չհաջողվեց համոզել Կոնգրեսի հանրապետական օրենսդիրներին՝ ապասառեցնել Կիևին 60 միլիարդ դոլար տրամադրելու՝ Սպիտակ տան որոշումը։
Ինչ վերաբերում է եվրոպական օժանդակությանը, Հունգարիայի առաջնորդը, ըստ Reuters-ի, պնդել է, թե Կիևը չպետք է նման մեծ գումարներ ստանա Եվրամիույթան բյուջեից, քանի որ դաշինքի անդամ չի հանդիսանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրբանը պնդում է, որ Ուկրաինան պատրաստ չէ ԵՄ անդամակցության բանակցություններին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուդապեշտը չի մեղմում Ուկրաինայի հարցում դիրքորոշումը, իսկ Վաշինգտոնը և Լոնդոնը խոսում են Կիևին սատարելու մասին
Չնայած Բուդապեշտի այս կոշտ դիրքորոշմանը, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, թե հարցը դեռ վերջնական փակված չէ՝ հույս հայտնելով Ուկրաինայի օգնության շուրջ քննարկումները շարունակել հաջորդ տարվա սկզբին։
Հունգարիայի հնարավոր վետոն շրջանցելու մյուս տարբերակն էլ դաշինիք 26 անդամ-երկրների կողմից Կիևին ուղիղ գումարներ տրամադրելն է՝ վարկի տեսքով։
Կիևը կրկին դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով տրամադրել 50 միլիարդ եվրոն
Չսպասելով քննարկումների արդյունքներին՝ այսօր Կիևը կրկին դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով տրամադրել 50 միլիարդ եվրոն։
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը կավարտվեն 2024 թվականի հունվարին, ինչը թույլ կտա հնարավորինս շուտ ստանալ համապատասխան ֆինանսավորումը», - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բուդապեշտն առաջին անգամը չէ արգելափակում Եվրամիության օգնությունն Ուկրաինային՝ պնդելով, որ այդ երկիրն աշխարհի ամենակոռումպացվածներից է։ Հունգարիայի իշխանությունները հնարավոր զիջումների դիմաց պահանջում են ապասառեցնել երկրի 30 միլիարդ եվրոյի ֆինանսական միջոցները, որոնք արդեն մի քանի տարի է՝ Բրյուսելը հրաժարվում է տրամադրել՝ ի պատասխան Հունգարիայում օրենքի գերակայության հետ կապված խնդիրներին․ երկրի գրեթե բոլոր խոշոր լրատվամիջոցները կա՛մ ենթարկվում են պետությանը, կա՛մ Օրբանին հավատարիմ գործարարներին, դատական համակարգն ամբողջությամբ վերահսկվում է կառավարության կողմից։
Բրյուսելը, այդուհանդերձ, ետքայլ արեց գագաթնաժողովից առաջ և ապասառեցրեց տասը միլիարդը, ինչի դիմաց Օրբանը, ըստ էության, չարգելափակեց Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշումը, թեև մինչ այդ սպառնում էր դիմել այդ քայլին՝ հայտարարելով, թե Ուկրաինայի անդամակցությունը ինչպես Հունգարիայի, այնպես էլ Եվրամիության շահերին է հակասում։ Բացի այդ, Օրբանի գնահատմամբ՝ Կիևը չի կատարել տնային աշխատանքը, թերացել է բարեփոխումների իրականացման հարցում։
Հունգարիայի վարչապետը պարզապես լքել է նիստերի դահլիճը. Reuters
Reuters-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի անդամակցության բանակցություններ սկսելու մասին որոշումն ընդունելու ժամանակ Հունգարիայի վարչապետը պարզապես լքել է նիստերի դահլիճը, որպեսզի ստիպված չլինի արգելափակել որոշումը և այդպիսով ձեռնպահ մնալ։ Հակառակ դեպքում այս հարցը ևս կմտներ փակուղի։ «Կառուցողական» այդ քայլը, ինչպես նշում է Deutsche welle-ն, Օրբանին հուշել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ինքը՝ վարչապետ Օրբանն, այսօր հունգարական պետական ռադիոյի հետ զրույցում պատմել է, թե ութ ժամ պայքարել է՝ համոզելու գործընկներին ևս մեկ քայլով չմոտեցնել Ուկրաինային Եվրոպական դաշինքին, բայց ապարդյուն։ Հունգարիայի առաջնորդը միաժամանակ նշել է, թե Ուկրաինայի անդամակցությունը երկար գործընթաց է, և իր երկրի խորհրդարանը դեռ կարող է այն կասեցնել, եթե անհրաժեշտ համարի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ԵՄ-ի ֆինանսական օգնությունը դեռ չի ստանա
Թե երբ է Եվրամիությունը պատրաստվում սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնի չէ։ Նույնիսկ այդ բանակցությունների մեկնարկից հետո էլ անդամակցության գործընթացը կարող է տարիներով ձգվել, Ուկրաինան նաև լուրջ, համակարգային բարեփոխումներ պետք է իրականացնի երկրում, ինչպես պահանջում է դաշինքի կանոնադրությունը։
Մինչ այդ, Եվրամիությանը ևս մեկ քայլով մոտենալը, ըստ Վլադիմիր Զելենսկու, արդեն հաղթանակ է, որը «մոտիվացնում, ոգեշնչում և ուժ է տալիս»։ Բացի Ուկրաինայից, Եվրամիության առաջնորդները որոշել են անդամակցության շուրջ բանակցություններ սկսել նաև Մոլդովայի հետ, ինչպես նաև թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։
Մինչ այս երկրներում տոնում են պատմական իրադարձությունները, Մոսկվան դժգոհությամբ է արձագանքում իր սահմաններին Եվրամիության ընդարձակման փորձերը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը ուշադրությամբ է հետևում այդ իրադարձություններին, «քանի որ Եվրամիության հետ նույն մայրցամաքում են գտնվում»։
«Եվրամիությունն արդեն ապրում է իր պատմության ոչ լավագույն ժամանակները՝ թե՛ ֆունկցիոնալության, թե՛ տնտեսության տեսակետից։ Հետևաբար, իհարկե, պարզ է, որ սա բացարձակապես քաղաքականացված որոշում է, և ԵՄ-ի ցանկությունն է այս կերպ աջակցություն ցուցաբերել այդ երկրներին», - ասել է Պեսկովը։