Մոսկվան «չափազանց վտանգավոր» է համարում եռակողմ հայտարարություններից հրաժարվելու փորձերը

Մոսկվան զգուշացնում է, թե Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված համաձայնություններից հրաժարվելու փորձերը «չափազանց վտանգավոր» կարող են լինել։

«Դա անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։ Չմանրամասնելով, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը՝ Մարիա Զախարովան պնդել է,թե հնարավոր մարտահրավերները հնարավոր չի լինի հաղթահարել անգամ «արևմտյան կեղծ միջնորդների օգնությամբ»։

Արտգործնախարարության հայտարարությունը կրկին ընդգծում է, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին , 2021-ի նոյեմբերի 26-ին, 2022-ի հոկտեմբերի 31-ին ստորագրված փաստաթղթերն են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման միակ ճանապարհային քարտեզը։ «Դրանք այլընտրանք չունեն»,- հայտարարել է Զախարովան, հավելելով՝ «այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ, կողմերից որևէ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը»։

Զախարովան մեղադրանքներ է հնչեցրել նաև Հայաստանի հասցեին՝ նշելով, թե Երևանի մի շարք գործողությունների պատճառով հնարավոր չեղավ ամբողջությամբ իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։

«Պրահայում Երևանը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը՝ ճանաչելով Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին և մոռանալով գոնե նշել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Այս որոշումը արմատապես փոխեց իրավիճակը այն տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը», - ասել է նա։

Երևանը բազմիցս է հակադարձել Մոսկվային՝ շեշտելով՝ Պրահայից առաջ էլ Մոսկվան չէր կատարում իր դաշնակցային, իսկ խաղաղապահները՝ Լեռնային Ղարաբաղում ստանձնած պարտավորությունները։

Զախարովան այսօր կրկնել է ադրբեջանական թեզը, թե Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ դուրս չի բերել զորքերը Ղարաբաղից, «օգտագործել է Լաչինի միջանցքը՝ ռազմամթերք տեղափոխելու համար», ինչն էլ «նպաստել է սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած բախումներին»։ Մոսկվան նաև մեղադրել է Հայաստանի իշխանություններին՝ «ապաշրջափակման գործընթացը ձգձգելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի դրույթներից հրաժարվելու համար»։ Այդ կետում նշվում է, որ Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն էլ պետք է իրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի արձագանքել։

Ռուսական կողմի «պարզաբանումը» տարածվել է մի փուլում, երբ Երևանն ու Բաքուն քննարկում են խաղաղության պայմանագիրը՝ Արևմուտքի միջնորդությամբ կամ՝ երկկողմ բանակցություններով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ չի կատարել, 2021-ին էլ Պրահայի հայտարարությունը չկար. ԱԽ քարտուղար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիմոնյան. Մոսկվան շանս ունի ցույց տալու, որ, այնուամենայնիվ, հավատարիմ է ստորագրված փաստաթղթերին