Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ձերբակալված հայ և ադրբեջանցի զինծառայողների դեկտեմբերի 13-ի փոխանակումը, հայտնել է պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք խրախուսում ենք այդ քայլը: Մենք քննարկումներ ենք անցկացրել երկու կառավարությունների հետ, Միացյալ Նահանգները ողջունում է գերեվարված հայ և ադրբեջանցի քաղաքացիների վերադարձը և հաղորդում է, որ քննարկվում են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ», - ասել է Միլլերը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ ձգտեն դրան:
«ԱՄՆ-ը կշարունակի աշխատել այս ուղղությամբ Բաքվի և Երևանի հետ»,- ավելացրել է Մեթյու Միլլերը։
Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունից վեց օր անց 32 հայ գերիներն արդեն Հայաստանում են։ Ադրբեջանական կողմը նրանց երեկ վերադարձրեց հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում։ Հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերեվարված զինծառայողները Երևանում են, հարազատները «Մուրացան» զինվորական հոսպիտալի մոտ են