Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան


Ադրբեջանն ընդունել է արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում հունվար ամսին հանդիպում անցկացնելու Միացյալ Նահանգների հրավերը, Հանրային ՀԸ եթերում հայտնեց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այս պահին այդ մասին տեղեկատվություն ունենք, Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել, իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում», - նշեց նա։

Մարուքյանի խոսքով՝ չկա վերջնականացրած խաղաղության պայմանագրի նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրման. - «Հույսն այն է, որ հունվարին սպասվող արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի», - հավելեց նա։

Վաշինգտոնում անցած ամիս նախատեսված արտգործնախարարների հանդիպումը Բաքուն տապալեց՝ Միացյալ Նահանգներին համարելով կողմնակալ միջնորդ։

Վերջերս Ադրբեջանում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը: Այցից հետո ամերիկացի պաշտոնյան X-ի իր էջում գրել էր, որ Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Երևանը դրական էր արձագանքել հանդիպման առաջարկին, իսկ Բաքվից հրապարակային արձագանք դեռ չի եղել:

XS
SM
MD
LG