«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը պայմանագիր կկնքի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության հետ՝ ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով։
Հարցը կքննարկվի վաղը՝ կառավարության նիստի ժամանակ։ Փաստաթղթում նշվում է, որ պայմանագիրը կկնքվի մեկ անձից գնման ձևով և պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը։
Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել «ՀԱԷԿ»
ընկերությանը տրամադրվելիք բյուջետային վարկի միջոցներով, ինչն իր հերթին Հայաստանի պետական բյուջեում կարող է առաջացնել ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ասված է կառավարության հիմնավորման մեջ։
«Միջոցառումները պետք է իրականացվեն 2023-2026 թվականները ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, նորմատիվային պահանջների համաձայն՝ ռեակտորային տեղակայանքի համակարգերում և սարքավորումներում բոլոր աշխատանքները պետք է համաձայնեցվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր նախագծողի, ռեակտորային տեղակայանքի գլխավոր կոնստրուկտորի, շահագործման գիտական ղեկավարի հետ», - նշվում է նախագծում։