Նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում է՝ հորդորելու, որ գերտերությունը շարունակի աջակցությունը Ուկրաինային, մինչև ռուսները ակտիվացնում են հարձակումները ռազմի դաշտում։ Այսօր նա կհանդիպի նախագահ Ջո Բայդենի և Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնի հետ։ Նախօրեին Զելենսկին զրուցել է ամերիկացի զինվորականների հետ, հանդիպել է նաև Համաշխարհային բանկի և ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։
«Այստեղ ձեզանից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ է նշանակում զինվորի համար զինամթերքի սպասել շաբաթներ շարունակ, ամիսներով սպասել՝ չիմանալով, թե արդյոք աջակցությունն ընդհանրապես կգա: Դուք գիտեք, թե ինչ է նշանակում, երբ առաջ գնալու փոխարեն պարզապես դիտում եք, սպասում զրահի կամ տեխնիկայի, մինչ ձեր թշնամին գոհ է և պատրաստվում է գրոհների», - ասել է նա:
Զելենսկու այս հայտարարություններն ուղղված են Կոնգրեսի անդամներին, ովքեր մինչ օրս չեն հաստատել Սպիտակ տան՝ Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու առաջարկը։ Սպիտակ տունը հուսով է, որ Վլադիմիր Զելենսկու անսպասելի այցը Վաշինգտոն կօգնի համոզել հանրապետականներին։ «Աջակցելով Ուկրաինային՝ Վաշինգտոնը ամրապնդում է Ամերիկայի պաշտպանությունը»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տունը լրացուցիչ ֆինանսավորում է խնդրում, նշելով, որ Ուկրաինային սատարելու միջոցները տարեվերջին կսպառվեն«Ամերիկան ավելի ապահով կլինի, եթե մենք ամբողջ աշխարհում պոտենցիալ ագրեսորներին հասկացնենք, որ նրանք չեն կարող որոշել, թե որ երկրները պետք է ապրեն, որոնք դադարեն գոյություն ունենալ։ Հիմա, չնայած իր մեկուսացմանը, Պուտինը դեռ հավատում է, որ կարող է հաղթել Ուկրաինային և որ կարող է գերազանցել Ամերիկային, բայց նա սխալվում է», - ասել է նա։
Մինչ այդ իրավիճակը ճակատում շարունակում է լարված մնալ. ռուսական զորքերը, ըստ երկու կողմերի հաղորդումների, շարունակում են ակտիվորեն գրոհել Լիմանի ուղղությամբ, Բախմուտի մոտ և Ավդիևկայի շրջակայքում, և շատ դանդաղ, ծանր կորուստների գնով, բայց առաջ շարժվում։
Պաշտոնական Կիևն արդեն չի թաքցնում, որ ճակատում իրավիճակն իր օգտին չէ զարգանում։
«Ուկրաինայի հակահարձակման հույսերը չարդարացան»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, միաժամանակ հավելել. «Սա, սակայն, չի նշանակում, որ մենք չենք հաղթելու»։
Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը ներկա իրավիճակը ռազմաճակատում նկարագրել է որպես շատ բարդ և ասել, որ հին ռազմական դասագրքերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի, «պետք է ուղարկել արխիվներ»։
Նախագահ Զելենսկին, իր հերթին, առաջարկել է Ուկրաինայում եվրոպական պաշտպանական կենտրոնակայան ստեղծել՝ ռազմատեխնիկայի և զինամթերքի արտադրությունը տեղում կազմակերպելու և արագացնելու համար։
«Մենք պատրաստ ենք ավելի շատ զինամթերք և ռազմական մեքենաներ արտադրել, բայց մեզ աջակցություն է անհրաժեշտ։ Կարևոր է զարգացնել ՀՕՊ համակարգերի, հրետանու և հրթիռային համակարգերի համատեղ արտադրություն»,- ասել է Զելենսկին, - «Մենք գիտենք, թե ինչ անել, դուք կարող եք հույս դնել Ուկրաինայի վրա: Եվ մենք հույս ունենք, որ մենք կարող ենք հույս դնել ձեր վրա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, նա կանգ չի առնի, և ՆԱՏՕ-ն կհայտնվի վտանգի տակ. ԲայդենNew York Times-ը իր հերթին, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե ամերիկացի և ուկրաինացի հրամանատարները Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու նոր ռազմավարություն են մշակում։ Ըստ թերթի՝ Միացյալ Նահանգները պնդում է, որ Ուկրաինան կենտրոնանա պաշտպանության վրա և պահպանի իր ներկայիս դիրքերը, զուգահեռ ընդարձակելով զենքի պաշարները՝ ռուսական նոր հարձակումերը ետ մղելու համար։ Ռազմավարության նպատակն է ստիպել Ռուսաստանին դիտարկել խաղաղ բանակցությունների հնարավորությունը 2024-ի վերջին կամ 2025-ին, գրում է թերթը։ Ըստ նույն աղբյուրի՝ Ուկրաինայի ներկայացուցիչները, հակառակը, ցանկանում են հարձակման անցնել հեռահար հարվածների օգնությամբ՝ «ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավելու հույսով»։
Ուկրաինացիները ուղիներ են փնտրում Ռուսաստանին հավասարակշռությունից հանելու համար՝ զենքի գործարանների, զենքի պահեստների և երկաթուղային գծերի վրա հարձակումների միջոցով, նշում է New York Times-ը: Թե որ տարբերակը կընտրվի՝ ամերիկյան, թե ուկրաինական, հստակ չէ։ Ավելի վաղ նաև Washington Post-ն էր հաղորդել, թե մարտավարության հարցում ուկրաինացի և ամերիկացի զինվորականների միջև տարաձայնություններ կան։