Երևանը ողջունում է Մոլդովայի և Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու Եվրոպական հանձնաժողովի որոշումը, հայտարարել է Արարատ Միրզոյանը Բրյուսելում արտգործնախարարների հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդը նույնպես ունի եվրոպական ձգտումներ:
«Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի», - ելույթի ընթացքում ասել է Միրզոյանը։
Բայրամովը Միշելի ու Բորելի հետ քննարկել է Երևան-Բաքու բանակցությունների թեման
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ևս Բրյուսելում էր «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների համաժողովի շրջանակում, սակայն նա և Միրզոյանն առանձին հանդիպում չունեցան: Բայրամովը հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։ Երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվել է Երևան-Բաքու բանակցությունների թեման։ Իր ելույթում, սակայն, Բայրամովը կրկին երկկողմ ձևաչափով աշխատելու կոչ արեց Երևանին, նաև շեշտեց, թե դեմ չեն «անաչառ և չեզոք երրորդ կողմի միջնորդությանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Միշելի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերԵՄ-ն ավելացնում է դիտորդների թիվը
Հայ-ադրբեջանական ընդհատված խաղաղության բանակցությունների ֆոնին՝ ԵՄ-ն հայտարարեց, որ ավելացնում է Հայաստանում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։
«Փաստը, որ որոշել ենք ավելացնել դիտորդների թիվը այս առաքելության շրջանակում, ցույց է տալիս է, թե ինչ հստակ է մեր հանձնառությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունության հարցում, և որ այս քայլը նաև կարևոր աջակցություն է խաղաղության ջանքերին», - նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Իշխանությունը դրական է գնահատում այդ քայլը
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարում են, որ խիստ դրական են գնահատում Եվրամիության կողմից դիտորդների թվի ավելացումը, բայց արդյոք դա կամրապնդի Հայաստանի անվտանգային վիճակը։
«Հայաստանի անվտանգային իրավիճակը կամրապնդի խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը մենք նախաձեռնել ենք և այդ ուղղությամբ շարժվում ենք», - ասաց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ հավելելով. - «Ես կարծում եմ, որ դիտորդները Հայաստանի Հանրապետություն եկել են բավականին բարդ իրավիճակում և բավականին պատասխանատու ժամանակահատվածում, և մենք շատ դրական ենք գնահատում այդ քայլը»։
Եվրամիության դիտորդները Հայաստան են եկել 2 տարվա մանդատով փետրվարի վերջին, ինչից հետո թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը չեն թաքցրել իրենց բացասական վերաբերմունքը, թեև Երևանն ու Բրյուսելը շեշտել են, որ առաքելությունը բացառապես քաղաքացիական է և անզեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստորագրվեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը«Այս ամենը շատ կապված է Հայաստանի հարավի անվտանգության սպառնալիքների հետ»
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ դիտորդների թվի ավելացումը ենթադրում է առաքելության ընդլայնում, այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանի ավելի մեծ հատվածի դիտարկում ու կենտրոնացում հատկապես հարավային շրջանների վրա։
«Պետք է սպասել ավելի շատ աշխատանքի ավելի մեծ թվով դիտորդներից: Եվ այս ամենը շատ կապված է Հայաստանի հարավի անվտանգության սպառնալիքների հետ։ Այս առումով սա ավելի լայն ներգրավում է Եվրամիության, բայց նաև Եվրոպայի առանձին երկրների կողմից», - «Ազատությանն» ասաց նա։
Առաջիկա ամիսների ընթացքում, Կիրակոսյանի տեղեկություններով, Բրյուսելից Երևան կժամանի հատուկ պատվիրակություն՝ ուսումնասիրելու անվտանգային աջակցության հնարավորությունները, Հայաստանի հետ համագործակցությունը կընդլայնի նաև Նիդեռլանդները. - «Կարծում եմ՝ Հայաստանը նոր ընկերներ է ձեռք բերում և կարողանում է դիվերսիֆիկացնել անվտանգային գործընկերների ցանկը և՛ Եվրամիության երկրների շարքերից, և՛ դրանցից դուրս»։
Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար Բրյուսելում քննարկում են նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցություն տրամադրելու հարցը, այս մասին դեռ մեկ ամիս առաջ էր ասել բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Այսօր արդեն արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն է «Արմենպրեսի» հետ զրույցում մեկնաբանել, թե խոսքն ինչի մասին է։ Ըստ նրա՝ դա կարող է լինել դաշտային հիվանդանոց կամ պաշտպանական սարքավորումներ՝ կախված Հայաստանի ամենահրատապ կարիքներից։