Մատչելիության հղումներ

«ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են ԵՄ անաչառ միջնորդի դերը»․ Բայրամովը՝ Բորելին


Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ սկզբունքների հարգման վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման միակ ճանապարհն է, երեկ Բրյուսելում, Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ընդգծելով, որ Ադրբեջանը բարձր է գնահատում կարգավորման գործընթացում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը՝ Բայրամովը, առանց անուններ նշելու, միևնույն ժամանակ դժգոհել է՝ «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։

Նշվել է վերջին միջոցառումների դրական ազդեցությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վստահություն ձևավորելու համար։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Օրերս Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

XS
SM
MD
LG