2024-ի արտահերթ ընտրություններում իշխող «Նոր Ադրբեջան»-ը կառաջադրի Իլհամ Ալիևի թեկնածությունը

Ադրբեջանում 2024-ի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կառաջադրի երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը, հայտարարել է կուսակցության փոխնախագահ, կենտրոնական գրասենյակի ղեկավար Թաիր Բուդաղովը։

«Երկար տարիներ բոլորն ասում էին՝ «ով ազատագրի Ղարաբաղը, նա կլինի մեր հավերժ նախագահը»։ Կարծում եմ, որ Իլհամ Ալիևն այս պաշտոնին արժանի է իր քաղաքականության 20 տարիների, ադրբեջանական ժողովրդին ծառայելու և օկուպացված տարածքների ազատագրման համար։ Ադրբեջանի յուրաքանչյուր հայրենասեր հավատարիմ է այս տեսակետին։ Վարչության նիստում բոլորը նույնպես իրենց կարծիքը կհայտնեն», - ասել է Բուդաղովը։

Վարչության նիստի օրն ու ժամը, ըստ APA-ի, կհայտարարվի մոտ օրերս։

Օրեր առաջ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին հրամանագիր ստորագրեց: Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ քվեարկությունը տեղի կունենա ուղիղ երկու ամսից։

Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին, թե որն է արտահերթի գնալու պատճառը, պաշտոնական աղբյուրները դեռևս չեն պարզաբանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ի փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություն կանցկացվի