Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը ևս առնվազն յոթ տարի կառաջնորդի Ադրբեջանը


Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ժամանում են Բաքվի ընտրատեղամասերից մեկը՝ քվեարկելու ապրիլի 11-ի ընտրություններում
Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ժամանում են Բաքվի ընտրատեղամասերից մեկը՝ քվեարկելու ապրիլի 11-ի ընտրություններում

Նախնական տվյալներով՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը երեկ երկրում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է 86 տոկոսից ավելի ձայն: Այս մասին կեսգիշերին հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազահիր Փանահովը:

Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 74․5 տոկոսը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը երեկ երեկոյան հայտարարել է, որ դատախազությունը որևէ բողոք ընտրությունների օրը չի ստացել:

Ալիևի հաղթանակը սպասելի էր, սպասելի էր նաև, որ նրա դե յուրե մրցակիցներից և ոչ մեկը լուրջ տոկոս չի հավաքելու:

Ադրբեջանական ընդդիմությունը որոշել էր բոյկոտել արտահերթ ընտրությունը, որ անցկացվեց հերթականից կես տարի շուտ: Ընդդիմադիրները բողոքում էին, որ ժամանակ չունեն նորմալ քարոզարշավ կազմակերպելու համար: Ընդդիմությունը համարում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները նման քայլով հատուկ չեզոքացրել են Ալիևի պոտենցիալ հակառակորդներին:

Այդուամենայնիվ, նախագահական ընտրություններին մասնակցել է 7 թեկնածու: Մյուս 6 թեկնածուները շատ ցածր տոկոս են հավաքել, ակտիվ ընտրարշավ չեն անցկացրել, փոխարենը՝ նրանց հանդիպումները ընտրողների հետ կազմակերպում էր իշխանությունը: Թեկնածուներից 3-ը նույնիսկ ընտրությունների օրը խոստովանել են, որ ընտրել են գործող նախագահին:

Իլհամ Ալիևը, հիշեցնենք, առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003 թվականին, այնուհետև երկու անգամ Սահմանադրություն է փոխել, և այսօր նախագահը այդ երկրում ընտրվում է 7 տարով: Բացի այդ, որևէ սահմանափակում, թե քանի անգամ կարող է միևնույն անձը նախագահ ընտրվել, Ադրբեջանում այլևս չկա, այսինքն, միջինասիական երկրների պես՝ Ադրբեջանում նախագահը ընտրվում է փաստորեն ցմահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG