Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ կողմի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

«Սա լավ հնարավորություն է նաև արտահայտելու մեր երախտագիտությունը Եվրոպական միության աջակցության համար մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հրատապ կարիքները, այն աջակցության համար, որը Եվրոպական միությունը ցուցաբերել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև, ինչպես ասացի, քննարկել հետագա ծրագրերը», - հայտարարել է նա:

Քննարկմանը ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը և ԵՄ բոլոր անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, տարածաշրջանում հարատև կայունության ու խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հայտնի սկզբունքներին համահունչ։

Որպես տարածաշրջանում խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչների՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի, Արևելքն Արևմուտքին կապող ենթակառուցվածների կայուն ցանցի ընդլայնման համատեքստում։