Մատչելիության հղումներ

Միրզոյանը Բրյուսելում մասնակցում է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների համաժողովին


Եվրամիության 27 երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում համաժողով են անցկացնում Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարի հետ։ Դատարկ է միայն Բելառուսի աթոռը, որի նախագահի դեմ միությունը պատժամիջոցներ է սահմանել։ Փոխարենը հատուկ վերաբերմունք է Հայաստանի հանդեպ։

Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարն այսօր առանձին՝ ոչ պաշտոնական նախաճաշ- հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ։

«Այսօրվա առաջին հանդիպումս կլինի Հայաստանի արտգործնախարարի հետ, հետո՝ Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը։ Քանի որ այդ տարածաշրջանում շատ բան է փոխվում, և շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել, մասնավորապես, Հայաստանը, որը շատ բարդ իրավիճակում էր և շարունակում է լինել։ Ուստի, ես իմ օրը կսկսեմ Հայաստանի արտգործնախարարի հետ», - հանդիպման մեկնարկին ասել է Ջոզեպ Բորելը։

Ավելի վաղ Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներից մեկը, անանուն մնալու պայմանով «Ազատությանն» ասել էր, որ Բրյուսելը ցանկանում է մանրամասներ լսել Միրզոյանից՝ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների, Ադրբեջանի հետ անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ և ճշտել՝ ինչով կարող է օգնել։

«Մենք պատրաստ ենք թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական օգնություն տրամադրել», - ասել էր եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, հավելելով՝ ակնկալում են Հայաստանի արտգործնախարարից լսել՝ որոնք են առաջնահերթությունները։

«Ինձ համար պատիվ է և լավ առիթ ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ», - ասաց Միրզոյանը։

Պաշտոնական Երևանը վերջին ամիսներին շարունակաբար ընդգծում է, որ պատրաստ է և հաստատակամ խորացնել հարաբերությունները Բրյուսելի հետ։ Այդ մասին նաև Վարչապետ Փաշինյանը հայտարարեց Եվրախորհրդարանում երկու ամիս առաջ:

Լայենը մտադիր է հանդիպում ունենալ Միացյալ Նահանգների ու Հայաստանի հետ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայանն էլ անցած ամիս Կոնգրեսում հայտնել էր՝ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների մերձեցմանը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակավ ասել է, որ մտադիր է հանդիպում ունենալ Միացյալ Նահանգների ու Հայաստանի հետ`քննարկելու՝ «ինչպես կարող ենք մերձեցնել Հայաստանը մեր համայնքին»:

«Ես սա քննարկել եմ Հայաստանի վարչապետի հետ, և մենք հիմա մշակում ենք`ինչ տեսք կարող է դա ունենալ, ինչ առաջարկներ կարող է անել Եվրամիությունը առևտրի արտոնությունների, տնտեսական դաշնակցության ու միասնական շուկա մտնելու վերաբերյալ: Դա չափազանց կարևոր է: Մենք կարող ենք աջակցել այդ հարցում», - նշել է Լայենը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հենց այս հարցերն են եղել այսօր Հայաստանի արտգործնախարարի ու նրա եվրոպացի գործընկերների հետ հանդիպման օրակարգում: Բացի այդ, Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները։

Թեև պաշտոնական Երևանն ու Բաքուն ամիսներ շարունակ հենց եվրոպական խորհդրի ղեկավարի միջնորդությամբ էին բանակցում` ղարաբաղյան խնդրի կարգավորման ու խաղաղության հասնելու համար, այսօր Բրյուսելում երկու երկրների արտգործնածաևարների հանդիպում նախատեսված չէ: Բայրամովն ու Միրզոյանը նաև եռակողմ չեն հանդիպի` Շարլ Միշելի միջնորդությամբ:

Բաքուն ամիսներ առաջ հրաժարվեց այս ձևաչափով բանակցություններից, ու չնայած միջնորդների ջանքերին` նոր հանդիպման համաձայնություն դեռ չի տվել:

XS
SM
MD
LG