Ալիևը չի տեսնում լուրջ խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստակայանին տված ծավալուն հարցազրույցում այլ թեմաների թվում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ վստահեցնելով, թե չի տեսնում լուրջ խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

«Ես լավատեսորեն էի տրամադրված ժամկետների հարցում, քանի որ մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախնական տարբերակի վերաբերյալ, որն Ադրբեջանն է մշակել և որի շուրջ կողմերը վեց անգամ մեկնաբանություններ են փոխանակել», - ասել է Ալիևը նոյեմբերի 23-ին տված հարցազրույցում, որն այսօր է հեռարձակվել:

Նրա պնդմամբ, հայկական կողմն է ձգձգել գործընթացը, սակայն հիմա, երբ, ինչպես Ադրբեջանի ղեկավարն է ձևակերպել, «Ղարաբաղի խնդիրը փակ է», Հայաստանն ավելի պատրաստ կլինի գալ համաձայնության:

«Մեր ինքնիշխանության վերականգնումից և Ղարաբաղում անօրինական անջատական ռեժիմի լուծարումից հետո, կարծում եմ, Հայաստանը բանակցային գործընթացում ավելի համարձակ կարող է լինել, քանի որ վերացել է դա խոչոնդոտող հիմնական գործոնը», - նշել է Ալիևը:

«Անկեղծ ասած, իրերի տրամաբանությամբ ես չեմ տեսնում լուրջ խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով՝ եթե խաղաղության պայմանագիր չստորագրվի, դա շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Հարավային Կովկասը պետք է պաշտպանված լինի ցանկացած վտանգներից:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ