Ալավերդիում տեղի ունեցավ Դավիթ Ղումաշյանի երդմնակալության արարողությունը

Ալավերդիում ավագանու 27 անդամներից 14-ի կողմից, ընդամենը մեկ ձայնի առավելությամբ համայնքի ղեկավար դարձած Դավիթ Ղումաշյանն այսօր երդվեց՝ լինել ազնիվ ու բարեխիղճ ղեկավար, պաշտպանել համայնքի իրավունքները:

Երդմնակալությունը տեղի ունեցավ համայնքապետարանի նիստերի դահլիճում՝ առանց հանդիսավորության ու ընդդիմության։ Շենքի բոլոր չորս հարկերում ոստիկանության մեծաթիվ խմբեր էին։

Համայնքապետարանում մինչև այս իշխանափոխությունը պաշտոնավարողները դեռ երեկ հայտարարել էին, որ հեռացել են աշխատանքից, նրանց անուններով ցուցանակները ևս այսօր հանված էին։ Նաև նախապատրաստվող բողոքի ակցիայի մասին լուրեր չկային, միևնույնն է՝ Լոռու մարզպետն ասաց՝ հատուկ ջոկատայինների ներկայությամբ կանխել են հնարավոր բախումները թե՛ այսօր ու թե՛ երեք օր առաջ՝ ավագանու նիստի ընթացքում: - «Վստահ եմ՝ այդ օրը եթե ոստիկանությունը ներկա չլիներ, այստեղ լուրջ բախում էր լինելու»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Թամազյանին, նոր համայնքապետը Ղումաշյանն է

Մինչև իշխանափոխությունը Ալավերդու համայնքապետն «Ապրելու երկրից» էր, որի կուսակիցներից մեկը, սակայն, ամիսներ անց միացել էր իշխող «Քաղաքացիական պայմանագրին»։ Մեկ տարի «Քաղաքացիական պայմանագիրը» բոյկոտել էր ավագանու գրեթե բոլոր նիստերը, վերջում էլ նոր աջակցի օգնությամբ փոխել համայնքապետին։

Ի՞նչ կլինի սրանից հետո, երբ պաշտոնանկ արված քաղաքապետն ու իր թիմը հեռացել են համայնքապետարանից՝ պնդելով, թե տեղի է ունեցել իշխանության զավթում ու որ անզիջում պայքար են սկսելու։ Նորընտիր համայնքապետ Դավիթ Ղումաշյանն ասում է՝ կհորդորի ընդդիմություն դարձած «Ապրելու երկրին» չբոյկոտել նիստերն ինչպես իրենք էին անում։

«Եթե մեր գործող ընդդիմադիրները չգան, ես ինքս կվերցնեմ հեռախոսը ու կխնդրեմ էլ գան, ի՞նչ կա դրանում: Թող զանգեին, թող ասեինք, թող գային նստերին քննարկեին», - ընդգծեց Ղումաշյանը:

Ի՞նչ կշահի այս ամենից հասարակ ալավերդցին։ Բնակիչներն այսօր միանշանակ պատասխաններ չունեին՝ ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից ընդամենը մեկ տարի անց համայնքապետարանում ավագանու 14 անդամների որոշումով փոխվեց իրենց ղեկավարը։ Արդյո՞ք Շնողի նախկին գյուղապետ Դավիթ Ղումաշյանն իսկապես կգործի ի շահ համայնքի, ինչպես ասել էր այսօրվա երդման տեքստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալավերդու նորընտիր համայնքապետը կանգնած է դատարանի առաջ՝ կոռուպցիոն մեղադրանքներով

Your browser doesn’t support HTML5

Ալավերդիում տեղի ունեցավ Դավիթ Ղումաշյանի երդմնակալության արարողությունը