Մոսկայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները նորմալացնելու և խաղաղության համաձայնագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։ Այդ մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված՝ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
«Ողջունում ենք հայ և ադրբեջանցի զինծառայողներին ազատ արձակելու համաձայնությունը Բաքվի ու Երևանի միջև։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ է մղել կալանավորված անձանց «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը։ Դա նպաստում է փոխադարձ վստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ բացում առաջ մղելու հայ-ադրբեջանական նորմալացման գործընթացը՝ համահունչ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնություններին», - ասել է Զախարովան՝ կրկին հիշատակելով եռակողմ հայտարարությունները, որոնց կետերը կոպտորեն խախտվել են, ինչը, սակայն, Մոսկվան անտեսում է։
«Պատրաստ ենք հետագայում ևս հնարավորինս աջակցություն ցուցաբերել տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության համաձայնագիր կնքելու և քաղաքացիական հասարակության շփումների հարցերում», - ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև ողջունել է Երևանի որոշումը՝ որպես բարի կամքի դրսևորում հօգուտ Ադրբեջանի հրաժարվել Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի կոնվենցիայի համաժողովն իր մոտ անցկացնելու թեկնածությունից, ինչպես նաև Բաքվի հայտարարությունը, որը պաշտպանում է Հայաստանի թեկնածությունը այդ կառույցի բյուրոյին անդամակցելու համար։ Ըստ Զախարովայի՝ այս համաձայնությանը հասնելու նպատակով ռուսական կողմը Բաքվի ու Երևանի հետ շփումներ է ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների. Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը