Հայկականը կողմը որևէ հանդիպումից չի հրաժարվում. Սիմոնյան
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կամ քննարկում այս պահին չկա, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների:
Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնականն X-ի իր էջում գրել է, որ Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին խաղաղ բանակցությունների համար:
«Մենք ասել ենք, որ որևէ հանդիպումից չենք հրաժարվում, և վերջին առնվազն 3 հրավերը մերժել է ադրբեջանական կողմը», - նկատեց Ալեն Սիմոնյանը:
Ջեյմս Օ՛Բրայանը նախօրեին Բաքվում հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հենց Օ՛Բրայանի հայտարարությունից հետո Բաքուն, պնդելով, թե Միացյալ Նահանգները կողմնակալ միջնորդ է, Գրանադայից և Բրյուսելից հետո բոյկոտեց արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները: Ամերիկացի դիվանագետը Սենատի լսումներում ասել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության բանակցություններում։ Եվ հիմա՝ Օ՛Բրայանի այցից հետո, Վաշինգտոնը կրկին խոսում է արտգործնախարարների մակարդակով բանակցությունների անցկացման մասին:
Ազգային ժողովի նախագահը տպավորություն ունի, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո Ալիևը խուսափում է միջազգային հարթակներից:
«Այն էթնիկ զտումը, որը իրականացվեց, այն գործելաոճը, աշխատելաոճը, որը տեսան միջազգային գործընկերները, բավականին բարդ կացության մեջ է դրել Ադրբեջանին», - շեշտեց Ալեն Սիմոնյանը։
Ադրբեջանը բացի խաղաղության մասին հայտարարություններից, պետք է անցնի կոնկրետ քայլերի. ԱԺ խոսնակ
Ադրբեջանը արևմտյան հարթակները բոյկոտելուն զուգահեռ շարունակում է Երևանին մեղադրել խաղաղության գործընթացը ձգձգելու համար: Երեկ հերթական անգամ այս պնդումն անելիս Իլհամ Ալիևն ընգդծել է, որ Բաքուն ուսումնասիրում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ավելի քան երկու շաբաթ առաջ ուղարկված Երևանի առաջարկները:
«Մենք կուղարկենք մեր արձագանքը, և դրանից հետո հնարավոր կլինի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- նշել էր նա:
Սիմոնյանը, մինչդեռ, պնդում է՝ Ադրբեջանը բացի խաղաղության մասին հայտարարություններից, պետք է անցնի կոնկրետ քայլերի: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի շոշափելի արդյունքի. - «Ցանկության դեպքում, ասել եմ չէ՞, տասը օրվա մեջ, հինգ օրվա մեջ կարելի է այդ պայմանագիրը ստորագրել։ Հիմա մենք մեր առաջարկները ուղարկել ենք, արդեն վեցերորդ փոխանակումն է, այսինքն՝ բավականին աշխատանք է տեղի ունեցել, և եթե ադրբեջանական կողմը բան չփոփոխի, նոր առաջարկ չներկայացնի, կամ դրանք շատ արագ լուծելի խնդիրներ լինեն, իհարկե կարելի է մի քանի օրվա մեջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքուն պահանջում է Երևանի կողմից ռևանշիզմի փորձերի բացառում». Ալիև«Ռևանշիզմից վախենում ես, նորմալ հարաբերություններ հաստատի քո հարևանների հետ»
Մինչ հայկական կողմն ակնկալում է Բաքվի կառուցողական մոտեցումը բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու համար, Ալիևը երեկ Երևանից երաշխիքներ է պահանջել, որ որ ռևանշիզմի փորձեր չեն լինի: Ալեն Սիմոնյանը հակադարձում է՝ այդ երաշխիքներն Ալիևն իր քաղաքականության մեջ պետք է փնտրի: Ազգային ժողովի նախագահը հարցնում է՝ եթե Ադրբեջանում ռևանշիզմից վախենում են, ինչո՞ւ չեն մասնակցում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
«Ռևանշիզմից վախենում ես, նորմալ հարաբերություններ հաստատի քո հարևանների հետ, քո անմիջական հարևանների հետ, որոնց չես կարող փոխել», - հորդորեց Սիմոնյանը։
Խորհրդարանի խոսնակն այսօր արձագանքեց նաև Ադրբեջանի նախագահի այն պնդումներին, թե Երևանը խաղաղության գործընթացի վերաբերյալ եվրոպացի գործընկերների խորհուրդներով է առաջնորդվում:
«Այդ նարատիվը ծիծաղելի է, որովհետև վստահությունը երևի Թուրքիայի կողմից է և Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների հիման վրա, բայց կարծում եմ, որ առիթը բաց թողնելը և խաղաղություն մեր տարածաշրջանում չհաստատելը ամենամեծ սխալը կլինի», - ասաց նա։
Երեկ Մոսկվայից հերթական անգամ հայտարարեցին, թե Ռուսաստանը հրավերներ է ուղարկել Հայաստանին և Ադրբեջանին՝ հանդիպելու խաղաղության համաձայնագրի հարցով Մոսկվայում կամ երրորդ երկրներում անցկացվող միջոցառումների շրջանակներում։ Բաքուն հրավերն ընդունում է, Երևանը, ըստ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի, ոչ:
Խորհրդարանի խոսնակն այսօր կրկին շեշտեց՝ հայկական կողմի համար տարբերություն չկա, թե բանակցությունները որ հարթակում կլինեն, կարևորը՝ գործող հարթակ լինի: