Մատչելիության հղումներ

«Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է». Փաշինյանի արձագանքը Արցախի ապագայի մասին հարցին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

«Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հարցին:

«Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում», - հարցրել էր Սեյրան Օհանյանը:

Վարչապետը շեշտեց՝ իր ռազմավարությունը Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելն է։ Միաժամանակ առանց անուններ տալու ընդգծեց՝ որոշ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործվել է մի նպատակով՝ որ Հայաստանում պետությունը չկայանա։

Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Ղարաբաղի հարց չի եղել։ Այս պատասխանն Օհանյանին չբավարարեց։

«Դուք նորից հարցին չպատասխանելով փորձում եք շեղել կամ մանիպուլացնել: Եվ նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել, ինչ էլ ուզում եք ասեք, միևնույն է, ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, բանակցությունները գնացել են, և ձեր ժամանակ է, որ այդ բանակցությունները ընդհատվել են, որովհետև դուք իրարամերժ հայտարարություններ և գործողություններ եք տարել: Եվ էսօր նորից որևէ բան չեք ձեռնարկում Արցախի պատմական մեր տարածքը հետ բերելու, գոնե բանակցելու այդ ուղղությամբ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. - «Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմիջիայլոց՝ դա նախկինում էլ եմ ասել, իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ էդ խնդրի վրա: Ինչ վերաբերում է ձեր այն ընկալմանը կամ դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին, ասեցիք ոնց որ՝ անտարբեր մնացինք, կան նաև դիտարկումներ, որ մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես էդ թեմային ոնց որ թե անդրադառնալու առիթ չեմ ունեցել, բայց քանի որ ժամանակն էլ կարճ է, ես նման արձագանքներին կարող եմ ընդամենը մի բառով գնահատական տալ՝ ե-րախ-տա-մո-ռութ-յուն»:

Պաշտպանության նախկին նախարարը վարչապետին նաև հարցրեց՝ ի՞նչ է արվում Բաքվում գտնվող գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, պաշտպանելու և նրանց վերադարձնելու համար։ Որովհետև նրանք ահաբեկիչներ չեն, շեշտեց Օհանյանը։ Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում մի քանի ծանր մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածով։

Փաշինյանը հարցին կարճ արձագանքեց. - «Ես կարող եմ ասել, որ գերիների հնարավոր վերադարձի վերաբերյալ արվում է ամենօրյա աշխատանք, ամենօրյա»:

Վարչապետն անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ է կառավարությունը մինչև 2020 թվականի պատերազմը 1.7 միլիարդ դրամ հատկացրել դեպի Թուրքիա տանող ճանապարհները կառուցելու համար՝ այն դեպքում, երբ այդ ժամանակ դեռևս հայ - թուրքական երկխոսություն չկար, կոմունիկացիաները բացելու մասին էլ քննարկումները չէին սկսվել:

Վարչապետ Փաշինյանը հորդորեց Հայաստանի ճանապարհները կառուցելու մեջ այլ ենթատեքստեր չփնտրել։

«Ընդհանրապես, շատ հետաքրքիր են էդ կոնսպիրոլոգիաները՝ էդ ինչի՞ էր, որ 20 թվի հուլիսին Մարգարա, չգիտեմ ինչ... Հարգելի գործընկերներ, էդ ճանապարհները Հայաստանի Հանրապետության ճանապարհներ են, էդտեղով տասնյակ բնակավայրեր են էդ ճանապարհներից օգտվում: Բոլոր ճանապարհները նորոգվում են, որովհետև դրանք Հայաստանի Հանրապետության ճանապարհներ են, և շարունակվելու են նորոգվել: Ընդ որում, եթե չեմ սխալվում, հիմա էլ էնտեղ ընթացիկ նորոգման աշխատանքներ կան», - հայտարարեց Փաշինյանը:

Թեժ երկխոսություն վարչապետի և երկրորդ նախագահի որդու միջև

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ թեժ երկխոսություն ծավալվեց վարչապետի և ընդդիմադիր պատգամավոր՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի միջև:

Քոչարյանը նախ հարցրեց՝ արդյո՞ք ուսումնասիրություններ կան, թե Հայաստանից բացի ժողովրդավարական էլ որ երկրում են մարդկանց կալանավորում ֆեյսբուքյան գրառումների համար։ Չնայած պատգամավորը հարցն ընդհանուր ուղղեց՝ ամբոնին որոշեց մոտենալ վարչապետը:

«Մենք, բնականաբար, չենք կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել, բայց մենք կարող ենք համեմատել Հայաստանի Հանրապետության նախկին շրջանի վիճակագրության հետ և կարող ենք ասել, օրինակ, որ քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում», - հայտարարեց Փաշինյանը:

Քոչարյանը հակադարձեց. - «Չեք հոգնե՞լ ինչ-որ էդ համեմատությունները անելուց։ Հիմա հետ գնանք ավելի, չգիտեմ, ժամանակներով, մինչև Ստալին հասնենք, որ մարդկանց էին գնդակահարում: Արդեն վեց տարի է՝ իշխանության եք: Որ հարց եմ տալիս՝ փորձեք կոնկրետ պատասխանել: Ես խոսում եմ շատ կոնկրետ երկակի ստանդարտների մասին: Կարող եմ ես խոսել, որ, օրինակ, վարչապետի շարասյունը հղի կնոջ է գցում ավտոյի տակ, լայաղ չի էլ անում՝ մի հատ կանգնի: Ես էդ դաշտ չեմ մտնում, կոնկրետ հարց եմ տալիս»։

Փաշինյանն իր հերթին հակադարձեց. - «Իհարկե, իրավունք ունեն հիշել Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅ Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանին»։

Ղարաբաղի նկատմամբ անտարբեր մնալու դիտարկումները Փաշինյանը երախտամոռություն անվանեց
please wait

No media source currently available

0:00 0:06:19 0:00

XS
SM
MD
LG