Վլադիմիրի շրջանի քրեակատարողական հիմնարկում շինծու մեղադրանքով պատիժը կրող ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել հայրենակիցներին մասնակցել հաջորդ տարվա մարտի 17-ին նշանակված նախագահական ընտրություններին և քվեարկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Այդ մասին գրառումը հայտնվել է նրա սոցցանցի էջում։
«Ցանկացած ընտրություն, նույնիսկ ամենակեղծվածը՝ կասկածի ժամանակ է, մարդիկ մտածում են, թե ով է իշխում և ինչու: Ռուսական ընդդիմության հիմնական խնդիրը, բոլոր ազնիվ քաղաքացիների խնդիրն է՝ պատասխանել այդ կասկածներին և բացատրել, որ 24 տարի իշխանության ղեկը պահող 71-ամյա Պուտինը չպետք է մնա ևս 6 տարի, նա վնաս կհասցնի Ռուսաստանին, նա պետք է հեռանա»,- իր միկրոբլոգում գրել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:
2020 թվականին Ռուսաստանում ընդունել են սահմանադրության փոփոխությունները, որոնք թույլ են տալիս Պուտինին առաջադրվել հինգերորդ անգամ:
Նա ավելի վաղ հայտնել է, թե իր ծրագրերի մասին կխոսի այն բանից հետո, երբ պաշտոնապես կհաստատվի գալիք ընտրությունների օրը: Կրեմլում հուսով են, որ Պուտինը 2024 թվականին կստանա քվեների ավելի քան 80 տոկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դաշնային խորհուրդն ընդունեց ՌԴ նախագահական ընտրությունները մարտի 17-ին անցկացնելու որոշումը