Մոսկվայում այսօր տեղի կունենա Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները նախ կհանդիպեն նեղ կազմով, ապա հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների հետ՝ ընդլայնված կազմով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն Մոսկվայում է։ Մոսկվա է մեկնել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
APA-ի մոսկովյան թղթակիցը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը, հայտնում է, որ այսօր Բայրամովն առանձին երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ «դեկտեմբերի 5-ին Մոսկվայում նախատեսված է Մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ»։
Դիվանագետը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, կլինեն նաև Լավրովի հետ մի շարք երկկողմ հանդիպումներ։