Խաղաղության մասին Ադրբեջանի ըմբռնումը որոշակիորեն տարբերվում է խաղաղ գործընթացի մեր ըմբռնումից, հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Ընդգծելով, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից Հայաստանի զինված ուժերի զինծառայող է մահացել՝ Մարուքյանը խաղաղ գործընթացում ներգրավված միջազգային գործընկերներին կոչ է արել միանշանակ դատապարտել բանակցություններից խուսափելու և սահմանային նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության ողջ գործընթացը։
Երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին։
Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտեց ադրբեջանական կողմի՝ «նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող գործողությունները»:
Բաքուն հերքեց ադրբեջանական կրակոցից հայ զինծառայողի զոհվելու մասին Երևանի հաղորդումն՝ այն «սուտ» որակելով։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց «սահմանամերձ տարածքներում կեղծ լարվածություն առաջացնելու և երրորդ կողմի ուշադրությունը գրավելու փորձի մեջ»։
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգիչ է համարել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցի և զոհի մասին հաղորդումը։
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով ՀՀ ԶՈՒ զինծառայողին ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ հատկանիշներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելում է Բաքու