Խաղաղության պայմանագրի վերջին՝ 6-րդ, տարբերակի շուրջ պաշտոնական Երևանի առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել, խորհրդարանում «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնեց արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Երևանն իր նախագիծը երկու շաբաթ առաջ էր ուղարկել։
Փոխարտգործնախարար Սաֆարյանը վերջերս խորհրդարանում ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը ևս հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում են:
Այսօր արդեն դիվանագետը հրաժարվեց իր իսկ հայտարարության վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացնել, ասաց՝ շտապում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկըԻշխանությունից չեն հստակեցնում՝ խաղաղության պայմանագրում կա՞ Արցախին առնչվող դրույթ, թե` ոչ
Նախքան Արցախի անկումը հայկական կողմը ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, թե Բաքվի հետ բանակցություններում Երևանի կարմիր գծերից են նաև «արցախցիների իրավունքների և անվտանգության վերաբերյալ հարցերը»: Սեպտեմբերի 19-ի հարձակումից ու Արցախի հայաթափումից հետո հայկական կողմի հիմնական օրակարգը արցախցիների սոցիալական խնդիրների վերաբերյալ է: Ավելին՝ օրերս խորհրդարանի խոսնակը հայտարարեց, թե իր կարծիքով արցախահայերին առնչվող դրույթ խաղաղության պայմանագրում չպետք է լինի։
Նույն կարծիքին է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը։ Իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ չհստակեցրեց՝ Բաքվին փոխանցված վերջին տարբերակում Արցախին առնչվող կետ կա՞, թե՞ ոչ: Այդ մասին, ասաց՝ կխոսեն պայմանագրի տեքստը վերջնական համաձայնեցնելուց հետո:
«Այս պահին ավելի լավ է կենտրոնանալ արցախցիների հետշոկային տրավմատիկ իրողությունների հտևանքները վերացնելու ուղղությամբ ու նաև անել առավելագույնը, որպեսզի խաղաղություն հաստատվի», - նշեց Աղաջանյանը:
Արցախի հայաթափումից առաջ պաշտոնական Երևանը ամիսներ շարունակ հայտարարում էր, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար պետք է հստակ միջազգային մեխանիզմներ ձևավորվեն: 44-օրյա պատերազմից մեկուկես տարի անց խոսելով բանակցային նշաձողի իջեցման մասին՝ վարչապետ Փաշինյանը հենց այս օրակարգով շարունակեց բանակցությունները: Վերջին զարգացումներից հետո արդեն նրա թիմակիցները հայտարարում են, որ արցախցիների անվտանգությունը լավագույնս կապահովվի Հայաստանում:
«Վարչապետը ևս հայտարարել է, որ մեր նպատակն է, որպեսզի արցախահայությունը մնա Հայաստանում, չլքի Հայաստանը: Սա առաջնահերթություն է, այդ թվում նաև արցախցիների իրավունքների ու անվտանգության պահպանման տեսանկյունից, որովհետև մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս և կառավարությունը Հայաստանի առնվազն փորձում է հնարավորությունների սահմաններում այդ իրավունքներն ապահովել», - ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը:
Ընդդիմությունից պնդում են՝ իշխանությունը Արցախի էջը վերջնականապես փակելու քաղաքականություն է վարում
Հայ ժողովուրդը որևէ կուսակցության, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրին» մանդատ չի տվել Արցախի էջը վերջնականապես փակելու համար, քննադատում է ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Սրանով իրենք, նախ, փաստում են, որ խաբել են ժողովրդին, որ գալու են լուծեն Արցախի հարցը, երկրորդը, արձանագրում են, որ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով փակվել է Արցախի հարցը, ինչը իրենք կարծես թե ընդունում են, բայց հայ ժողովուրդը նման արձանագրում չի անում: Ասում ենք, որ Արցախի հարցը գոյություն ունի», - նշեց Գրիգորյանը:
Երևանում այսօր «Ազատության» հետ զրուցած մի շարք քաղաքացիներ շեշտում էին, որ իրենց կարծիքով՝ արցախահայերի իրավունքներին և անվտանգությանն անդրադարձ պետք է լինի հայ-ադրբեջանական պայմանագրում:
Եթե հայ-ադրբեջանական կարգավորման փաստաթուղթ ստորագրվի, որը կշրջանցի արցախցիների իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը, ապա վերջնականապես կփակվի Արցախի էջը: Այս պնդումն անելով՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը սա արդեն ոչ թե բանակցային նշաձողի իջեցում է համարում, այլ տապալում:
«Աշխարհում եթե երեք կետ կա, որոնք էդ արձանագրումն անում են, մեկն Ադրբեջանն է, երկրորդը Թուրքիան, ինչը բնական է, և այս կառավարությունն է, որ ասում է՝ Արցախի էջն այլևս փակված է: Եթե, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքի, չնայած իր բովանդակությամբ կապիտուլյացիոն պայմանագիր է լինելու, և որի մեջ որևէ անդրադարձ չկատարվի Արցախի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը, նշանակում է նաև հաջորդ սերունդների համար ու առհավետ փակվում է Արցախի էջը», - ընդգծեց Գրիգորյանը:
Իշխանական Էդուարդ Աղաջանյանը ընդդիմադիր պատգամավորի այս կանխատեսումների հետ համաձայն չէ, բայցև չի հստակեցնում՝ այդ դեպքում ո՞ր փուլում և ի՞նչ ձևաչափով է իշխանությունը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության վերաբերյալ բանակցությունները: