Արկադի Թամազյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով վաղաժամ դադարեցնել Ալավերդու ավագանու լիազորությունները

Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանն այսօր դիմել է կառավարություն՝ խնդրելով վաղաժամ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները, քանի որ արդեն երեք ամիս նիստեր չեն կայացել: Օրենքը ենթադրում է, որ երեք ամիս անընդմեջ նիստերը տապալվելու դեպքում կառավարությունը կարող է ցրել ավագանին ու նոր ընտրություններ նշանակել։

Մինչդեռ Ալավերդիում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այլ ծրագրեր ունի։ Խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը վստահ է՝ չորս օրից ավագանու նիստ են անելու նախաձեռնող խմբի 14 անդամներով ու պաշտոնանկ անեն գործող ղեկավարին։ Ըստ իրենց առաջ քաշած օրակարգի, հենց ինքն էլ կփոխարինի «Ապրելու երկրի» անդամ Արկադի Թամազյանին։

«Լրիվ օրինական է մեր գործընթացը, անվստահության նախաձեռնությունը ավագանիների կողմից», - ասաց Ղումաշյանը:

Այսօր համայնքապետարանի աշխատակազմը մերժել է ՔՊ-ականների անվստահության նախաձեռնությամբ նիստ անցկացնելու դիմումը ու նշել, որ մեկ ամիս առաջ օրենքով թույլատրվող անվստահության գործընթաց արդեն կայացել է ու դա կրկնելու հնարավորություն ավագանին այլևս չունի։ «Ապրելու երկիրն» իրենց թիմակից, գործող համայնքապետին էր անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, ինչն ավագանու նիստով այդպես էլ չէր անցել՝ դարձյալ քվորումի բացակայության պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալավերդու համայնքապետարանում կմերժեն Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությունը

ՔՊ-ն «Ապրելու երկրի» մեկ ամիս առաջ արված նախաձեռնությունն էր անօրինական համարում, «Ապրելու երկիրն» էլ այսօր՝ ՔՊ-ինը։

«Թող դատարանում վիճարկեն», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց գործող ղեկավար Արկադի Թամազյանը՝ պնդելով՝ չորս օրից ավագանու նիստ չեն նախաձեռնի։

«Դա իրավական հարց է և դա դատարանը պետք է որոշի», - նշեց Թամազյանը:

Երկու խմբակցությունները, որոնք հավասար թվով ձայներ էին ստացել մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններին, անգամ տարբեր կերպ են հաշվարկում՝ ի վերջո լրացե՞լ է ավագանու նիստեր չանցկացնելու օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, թե՝ ոչ։ Համայնքի ղեկավար դառնալու հավակնություն ունեցող ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը վստահ է, որ կառավարությունն անհետևանք կթողնի ավագանին ցրելու համայնքապետի դիմումը։

«Լավ է արել ուղարկել է, բայց դա կառավարության որոշման հարց է՝ ցրի ավագանին, թե չցրի, ոչ մի օրենք չի պարտադրում կառավարությանը ցրելու, հստակ գրված է՝ կարող է ցրել ավագանին», - ընդգծեց Ղումաշյանը:

Ալավերդիում քաղաքական ճգնաժամն սկսվեց ամիսներ առաջ, երբ այստեղ իշխող «Ապրելու երկրի» ցուցակի երկրորդ համարը ներկայացնող Սիմոն Զախարովը լքեց խմբակցությունն ու մնալով որպես ավագանու անկախ անդամ միացավ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնություններին։ Գործող ղեկավարին անվստահություն հայտնելու երեկվա նախագծի տակ ևս նա ստորագրել է։ Զախարովը իր որոշումը պայմանավորել է գործող ղեկավարի իր համար անընդունելի քաղաքականությամբ, մինչդեռ համայնքապետն իր նախկին թիմակցին առնետ է անվանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեռևս պարզ չէ, թե արդյոք Ալավերդիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած անդամը կմիանա ՔՊ խմբակցությանը

Օրերս էլ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից Մարիաննա Պեպանյանն է խմբակցությունից դուրս գալու և ավագանու մանդատից հրաժարվելու որոշում կայացրել։ Այսօր «Ազատությանն» ասաց՝ գործող ղեկավարին անվստահություն հայտնելու կամ նիստերը բոյկոտելու պատճառներ չէր տեսնում ու չի ցանկացել միանալ իր թիմակիցների քաղաքական պլաններին։ Չի հերքում, որ իր նկատմամբ մանդատը վայր դնելու ճնշումներ են եղել։

«Ճնշումները վերաբերում էին նրան, որ ես քաղաքական թիմի հետագա քայլերին չէի պատրաստվում միանալ և դեմ էի այն գործողություններին, որոնք պլանավորվում էին ու վերաբերում էին նրան՝ եթե քաղաքական թիմի հետ չես, ուրեմն նաև մեր շարքերում չես, արդյունքը եղավ, որ ես որոշեցի, որ պետք է լքեմ», - ասաց Պեպանյանը:

Ի՞նչ կլինի այս դեպքում Ալավերդիում։ Իրար հաջորդող անվստահության գործընթացներն ի վերջո պաշտոնանկ կանե՞ն գործող ղեկավարին, որ ընդամենը մեկ տարի առաջ է ընտրվել Հայ ազգային կոնգրեսի հետ կոալիցիայի շնորհիվ։ Արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը, որ 6 տարի առաջ Շնողի համայնքապետ էր ընտրվել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով, իշխանության կգա ավագանու 14 անդամի որոշմամբ։ Դեռ պարզ չէ։

Հանրապետականից հետո հեղափոխությամբ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագրի» անդամ դառնալու մասին հարցերին նախընտրում է չպատասխանել։