Միացյալ Նահանգների, Իսրայելի և Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարները երեկվանից բանակցում են Դոհայում՝ Իսրայելի և ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև հրադադարի ժամկետը երկարաձգելու համար։ Ու թեև քառօրյա հրադադարը երկու օրով երկարաձգելու ժամկետն այսօր է ավարտվում, բայց նոր երկարաձգման մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում ևս երկու օր չեն լսվի պայթյուններ, չեն զոհվի խաղաղ բնակիչներԻսրայելի կառավարության ներկայացուցիչը միայն ակնարկել է, թե ներկայիս դադարը կարող է երկարաձգվել ևս հինգ օրով՝ երեք պաղեստինցի բանտարկյալ մեկ իսրայելցի պատանդ ձևաչափով փոխանակման դիմաց։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ ծայրահեղական «Համաս»-ը շարունակում է պատանդ պահել 161 մարդու, նրանց թվում՝ 15 օտարերկրացու ու 4 երեխայի։ Ընդհանուր առմամբ զինադադարի այս օրերի ընթացքում 66 իսրայելցի և ավելի քան 20 արտասահմանցի է ազատ արձակվել:
«Դա նման է Շինդլերի ցուցակին, մենք սպասում ենք, որ տեսնենք, թե ով է լինելու ազատ արձակվողների ցուցակում… Ես խոսում եմ իմ զարմիկ Շիրիի և երկու փոքրիկ երեխաների մասին. Արիելն ընդամենը 4 տարեկան է, իսկ Քֆիրը հիմա 10 ամսական է, նա... իր կյանքի գրեթե 15 տոկոսը բանտում է, չէ, բանտում չէ ․․. գերության մեջ է, ինչ-որ տեղ գետնի տակ», - ասում է մի իսրայելցի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը ստացել է այսօր ազատ արձակվող պատանդների ցուցակըԻսրայելի բանտային ծառայությունն, իր հերթին, հաստատել է, որ երեկ 30 պաղեստինցու է ազատ արձակել՝ 15 կնոջ ու 15 անչափահաս տղայի։ Ընդհանուր առմամբ, Իսրայելն այս օրերին բանտերից ազատ է արձակել 117 պաղեստինցիների։
Զինադադարի այս վեց օրվա ընթացքում ավելի շատ հումանիտար օգնությամբ բեռնատարներ են մտել Գազա։ Միջազգային կազմակերպությունները, սակայն, ընդգծում են, որ հումանիտար ճգնաժամը տեղում շարունակվում է, և կոչ են անում երկարաձգել զինադադարն անորոշ ժամկետով:
Այս ֆոնին Իսրայելի հասցեին այսօր հերթական կոշտ քննադատությունն է հնչեցրել Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում հայտարարել է, թե Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային ատյաններում այն հանցագործությունների համար, որոնք Բենյամին Նեթանյահուի վարչակազմը կատարել է Գազայի հատվածում։ Իր ելույթում Էրդողանն Իսրայելի վարչապետին անվանել է «Գազայի դահիճ», իսկ Իսրայելի Պաշտպանության բանակի գործողությունները Գազայի հատվածում՝ «ցեղասպանություն»։
«Նեթանյահուն արդեն պատմության մեջ է մտել որպես Գազայի դահիճ: Այս սև հետքը կպել է ոչ միայն Նեթանյահուին, այլև բոլոր նրանց, ովքեր նրան անվերապահորեն աջակցում են: Այս բիծը երբեք չի մաքրվի», - հայտարարել է Էրդողանը:
Իսրայելից դեռ չեն արձագանքել Թուրքիայի նախագահի այս հայտարարություններին։ Մինչ Գազայի հատվածում զինադադարը պահպանվում է, իսրայելական բանակը շարունակում է հարձակումները «Համաս»-ի և ծայրահեղական այլ խմբավորումների դեմ Հորդանան գետի Արևմտյան ափին: Իսրայելական բանակը շրջափակել է Ջեննին քաղաքը, այստեղ մարտեր են ընթանում իսրայելցի զինվորների և պաղեստինցի զինյալների միջև։
Your browser doesn’t support HTML5