Հայաստանի համար Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարց գոյություն չունի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք Արցախի հարցն իշխանությունն արդեն լուծված է համարում։
Սիմոնյանը միաժամանակ շեշտեց՝ Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին։ Արդյոք նկատի ուներ 2016-ի քառօրյա պատերազմը՝ խորհրդարանի խոսնակն այդպես էլ չմանրամասնեց։
«Ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցն արդեն լուծվա՞ծ է։ Կներեք, ո՞րն է Արցախի հարցը, կասե՞ք օրինակներ ինձ: Մի րոպե, ինչի՞ շուրջ», - փոխադարձ հարց հնչեցրեց ԱԺ խոսնակը՝ լրագրողների դիտարկմանը՝ «ինքնորոշման իրավունքի շուրջ», արձագանքելով. - «Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի: Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը մեջը։ Սա արդեն երևի մի ութ անգամ ասել ենք վերջին մի տարվա ընթացքում կամ երկու տարվա ընթացքում: Է՞լ ինչ ա պետք ասել»:
2018-ին գալով իշխանության՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները սկսել է իր կետից։ 2020-ին Ստեփանակերտում հայտարարեց, թե Արցախը Հայաստան է, ապա հայկական կողմի պարտությամբ ավարտված պատերազմից հետո խոսեց բանակցային նշաձողն իջեցնելու մասին։ Իշխանությունները Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փոխարեն սկսեցին խոսել Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին։
Ամիսներ շարունակ Փաշինյանի իշխանությունը բանակցություններ էր վարում հենց արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմ ստեղծելու շուրջ։ Սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից, Արցախի անկումից ու հայաթափումից հետո պարզ չէ, սակայն, այս հարցն օրակարգո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Ազգային ժողովի նախագահը նշեց, թե չի կարող ասել, ամեն դեպքում, Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ այժմ պետք է կենտրոնանալ խաղաղության պայմանագրի վրա, իսկ հայերի Ադրբեջան կամ ադրբեջանցիների Հայաստան հնարավոր վերադարձի հարցերը պետք է քննարկվեն ապագայում։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է այս պատմական փուլում կենտրոնանանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա: Հետագայում թե ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կհայտնի վերադառնա Հայաստանում ապրելու, կամ ինչ-որ հայ ցանկություն [կհայտնի] վերադառնալ Բաքու, օրինակ՝ մեր պատգամավոր..., կամ՝ Ստեփանակերտ, ես ավելի հեռու գնացի, որ չստացվի, որ Ստեփանակերտը չասի, Ստեփանակերտ, Շուշի, դա արդեն ապագայի հարց է: Հարյուր անգամ պատասխանել եմ», - հայտարարեց ԱԺ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի քաղաքական կամքի դեպքում առաջիկա երկու շաբաթում կարելի է կնքել խաղաղության պայմանագիրը. Սիմոնյան«Ազատության» հարցին՝ «բարձրացնել արցախահայերի իրավունքների հարցը նույն այդ խաղաղության բանակցությունների շրջանակում՝ ինչո՞ւ դա չանել, նաև՝ վերադարձի, նաև՝ իրավունքների, նաև՝ նրանց անվտանգության», Հայաստանի խորհրդարանի խոսնակը հակադարձեց. - «Իսկ արցախահայերը գնացել են հիմա սահմանին կանգնել են՝ ուզում են հենց հիմա վերադառնան իրանց տո՞ւն, մենք էդ հարցը չենք բարձրացնո՞ւմ»:
Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում մասնակցում էր իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսին: Դիտելով Բաքվի հայկական եկեղեցիների, պատմամշակութային հաստատությունների, հայ ճարտարապետների կառուցած շենքերի լուսանկարները՝ Ազգային ժողովի նախագահն անընդունելի համարեց հայկական պատմական ներկայությունը ջնջելու Ադրբեջանի շարունակական փորձերը։
«Ես ուզում եմ, որ մենք այս շենքերը, այս պատմությունը օգտագործենք ապագան կառուցելու համար», - նշեց ԱԺ նախագահը:
Գալու է ժամանակ, երբ հայերը և ադրբեջանցիները պետք է ապրեն կողք-կողքի
Ալեն Սիմոնյանը, սակայն, մոտ ապագայում անհնար է համարում, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Բաքու, կամ այլ բնակավայրեր, բայց վստահ է՝ գալու է ժամանակ, և իրենց իշխանությունն ամեն ինչ անելու է, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն կողք-կողքի։
«Հույս ունեմ, մենք ամեն ինչ անելու ենք, որ գալու է ժամանակ, ու դա ինքնաբերաբար է լինելու՝ հայերը և ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողք, պետք է առևտուր անեն, չեմ բացառում, որ կգնան ինչ-որ մարդիկ, կվերադառնան Ադրբեջանի տարածք՝ իրենց տներ, չեմ բացառում, որ ինչ-որ ադրբեջանցիներ կարող է ինչ-որ ժամանակ գան և ստեղ բնակություն հաստատեն», - ասաց ԱԺ նախագահը:
Բաքուն պետական մակարդակով շարունակ պնդում է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Նախագահ Ալիևն ասել էր, թե Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, մոտ 90 գյուղում էլ նրանք եղել են մեծամասնություն, և հետևաբար պետք է վերադառնան՝ խաղաղ ճանապարհով։
Արդյո՞ք խաղաղության պայմանագրում ադրբեջանցիների վերադարձի հարց կա։ «Խաղաղության պայմանագրի մեջ նման կետ ես անձամբ չեմ նկատել», - նշեց Սիմոնյանը:
Ի դեպ, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս իրատեսական չէր համարել ավելի քան 100 հազար արցախահայերի վերադարձը հայրենիք՝ շեշտելով, թե Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը չի փոխվել։ Միաժամանակ, նա վստահեցրել էր, թե հարցը քննարկվում է միջազգային հարթակներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է երեք սկզբունքների հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր. վարչապետ