Մատչելիության հղումներ

Մեր հայրենիքը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի». «Զանգ» նախաձեռնություն


«Ազատության» հյուրն է «Զանգ» նախաձեռնության համակարգող Միքայել Նահապետյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Մի քանի օր է՝ փորձում եք վրան տեղադրել մայրաքաղաքի կենտրոնում, կայց կա՛մ ոստիկանական բաժանմունքում եք հայտնվում, կա՛մ վրանն են տանում, թույլ չեն տալիս: Դուք ցանկանում ես նստացույց սկսե՞լ:

Նահապետյան. - Առ այսօր երեկ արդեն երրորդ անգամ էին մեր իրազեկման ակցիան ընդհատում: Այդ երեք օրերի ընթացքում վրան տեղադրելու փորձ դեռ չի էլ եղել, իրենք երթն ինչ-որ կետում ընդհատում են, որոշում են, որ պետք է բերման ենթարկեն:

«Ազատություն». - Երևի կանխավարկածն այն է, որ վրանով եք շրջո՞ւմ:

Նահապետյան. - Իրենք ինչ-որ հարմար պահ են ընտրում, սադրանք ձեռնարկում, որ կարողանան վրանը վերցնեն, հետո իրենց թվում է, որ վերջ, ակցիան վերջացավ:

«Ազատություն». - Բայց պարզ է, որ վրանն ուղղակի զբոսանքի համար չեք հանել փողոց, պիտի օգտագործենք:

Նահապետյան. - Մենք իրավունք ունեն, օրինական է վրան տեղադրելը, մենք կարող ենք դա տեղադրել, բայց որպես իրավական փաստ մեզ վրան տեղադրելու համար չի, որ բերման են ենթարկում: Նստացույց սկսելու պլաններ չունենք, դա չի նշանակում, որ դրա իրավունքը չունենք, դրա կարիքը կտեսնենք, թե չենք տեսնի, դա երկրորդ հարց է, այս պահին պլանավորած նստացույց չկա:

«Ազատություն». - Այդ դեպքում ինչո՞ւ եք վրանով զբոսնում Երևանում:

Նահապետյան. - Մենք անում ենք իրազեկման ակցիաներ՝ բարձրաձայնելու մեր օրակարգը, մեր պահանջները, քաղաքացիների հետ հաղորդակցվելու: Վրանն այդ կենտեքստում սիմվոլ է տան, կացարանի, ավելի լայն իմաստով մեր պետության սիմվոլն է:

«Ազատություն». - Որը տեղադրելու մտադրություն չունե՞ք:

Նահապետյան. - Տեղադրելու մտադրություն ունենք, բայց դա գիշերակացի, վրանային ճամբարի և այլնի համար չի, ուզում ենք քաղաքացիներին ցույց տալ, որ եթե մենք կարողանանք ոչնչով չհիմնավորված, զոռբա ուժի դեմ միասնաբար կանգնել ու ցույց տալ, որ անկախ մեր ներքին կյանքում առկա բոլոր հակասությունների, իրար չսիրելու, չվստահելու, իրար հետ ընդհանուր գործ չբռնելու այս ընդհանուր մթնոլորտի դեմ, եթե կարողանանք կանգնել ու պաշտպանել, մի փոքր խնդիրը լուծել, դրա էներգիան մուլտիպլիկատիվ էֆեկտով հնարավորություն կտա մեզ լուծելու ավելի մեծ խնդիր, իսկ ավելի մեծ խնդիրներ հիմա մոտենում են, մասնավորապես, մեր հայրենիքը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի»: Դա նախորդ տարվա դեկտեմբերի 24-ից իրավական հուն մտած ծրագիր է Ադրբեջանում, որը հունվար ամսին վերաճել է ՄԱԿ-ին ուղղված առաջին նամակի, փետրվար ամսին՝ երկրորդ նամակի, որում կետ առ կետ մեխանիզմով նկարագրել են Հայաստանի ոչնչացման բանաձևը, որին իրենք փախստականների վերադարձի երաշխիքներ են անում, բայց երբ որ կարդում ես էդ տեքստը հասկանում ես, որ պետության ապամոնտաժման ծրագիր է գրած: Երբ գարնանը մենք դրա մասին ասում էինք, մեզ գժի տեղ էին դնում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG