Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի դրոշները

Այսօր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից:

«Երկու երկրները հաստատել են դիվանագիտական հարաբերություններ՝ առաջնորդվելով երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու, միջազգային անվտանգության և խաղաղության ապահովմանն աջակցելու ձգտումով։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթն արձանագրում է երկու երկրների ցանկությունը՝ «ամրապնդելու արդյունավետ համագործակցության կապերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, զարգացման, առևտրի և մշակույթի ոլորտներում՝ տարբեր բնագավառներում ջերմ հարաբերությունների հաստատման երկուստեք ձգտումներն իրականացնելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Նախօրեին այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց՝ դիվանագիտական հարաբերությունների մոտալուտ հաստատումը համարելով էական զարգացում։

«Սաուդյան Արաբիայի հետ վերջին տարիներին մենք շփումներ ունեցել ենք, և մեր արտաքին գործերի նախարարներն են երկու անգամ հանդիպում ունեցել, նաև հեռախոսազրույցներ են տեղի ունեցել, շփումներ են տեղի ունեցել աշխատանքային տարբեր բազմակողմ քննարկումների ժամանակ: Եվ իմ գնահատմամբ՝ պրոցեսը առաջ է ընթանում, և ես հույս ունեմ, որ առաջիկայում պաշտոնապես Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, ինչը շատ կարևոր և էական իրադարձություն կլինի», - ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք երկու երկրները պատրաստվում են դեսպանատներ բացել միմյանց մայրաքաղաքներում։ Պարսից ծոցի արաբական մյուս միապետությունները՝ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Քուվեյթը դեսպանատներ ունեն Երևանում։

Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։

Նավթով հարուստ թագավորության քաղաքականությունը Երևանի նկատմամբ փոխվեց, երբ մի քանի տարի առաջ վատթարացան Էր-Ռիյադի հարաբերություններն Անկարայի և նրա սերտ դաշնակից Բաքվի հետ։

Քաղաքականության փոփոխության նախանշաններից էր 2021 թվականի հոկտեմբերին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Ռիյադ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաբագետի կարծիքով՝ նախագահի այցը Սաուդյան Արաբիա կարող է բեկել երկու պետությունների հարաբերություններըՀայաստանի նախագահն այցելել է Սաուդյան Արաբիա

2022-ի փետրվարին Մյունխենի կոնֆերանսի շրջանակում կայացավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Ֆայսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հանդիպումը, որը երկու երկրների դիվանագետների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի պետնախարարի հետ քննարկել է համագործակցության հարցերՄիրզոյանը Մյունխենում հանդիպել է Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ

Այնուհետև Հայաստանը աջակցություն հայտնեց «Էքսպո 2030» համաշխարհային ցուցահանդեսը հյուրընկալելու Սաուդյան Արաբիայի հայտին։ Երկկողմ հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան էլ Ռիյադ-Երևան-Երևան թռիչքների իրականացումը դարձավ:

Վարչապետը երեկ նշեց, որ Էր-Ռիյադից Երևան «հունվարից, թե հուլիսից, այս տարի չվերթները տեղի են ունեցել», և «ի սկզբանե էլ նախատեսված է եղել, որ չվերթները սեզոնային որոշակի բնույթ են ունենալու, այսինքն՝ տարին 12 ամիս չեն տեղի ունենալու չվերթները, այլ որոշակի սեզոնայնություն են ունենալու»: