Մատչելիության հղումներ

Արաբագետի կարծիքով՝ նախագահի այցը Սաուդյան Արաբիա կարող է բեկել երկու պետությունների հարաբերությունները


Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ աշխատանքային այց է կատարել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Սաուդյան Արաբիա, նախագահականն այցը պատմական է որակում, կառավարությունն էլ հարաբերությունների հաստատման հեռանկար է տեսնում։

Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Էր-Ռիյադի օդանավակայանում նախագահին դիմավորել է արտաքին գործերի պետնախարարը։

Մերձավոր արևելքի այս երկիրը, ինչպես Թուրքիան և Պակիստանը, Հայաստանի հետ հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Սաուդյան Արաբիան պրոադրբեջանական դիրքորոշում ունի և նախկինում հայտարարել է՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։

Նախագահ Արմեն Սարգսյանը և նավթի մեծ պաշարներով հարուստ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ մասնակցել են «Ապագա ներդրումային նախաձեռնություն» խորագրով համաժողովի բացմանը։ Նախագահականի փոխանցմամբ՝ նրանք զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Այդուհանդերձ, պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում՝ արդյոք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը քննարկվել է, թե՝ ոչ։

«Ազատության» հարցմանն ի պատասխան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից այս շփումները դրական ազդակ որակեցին, որոնք ըստ գերատեսչության կարող են զգալիորեն նպաստել հայ-սաուդական դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացին։

Արաբագետ Արաքս Փաշայանի կարծիքով՝ նախագահի այցը կարող է բեկել երկու պետությունների հարաբերությունները, այս տեղաշարժին նպաստած հանգամանքների մասին խոսելիս մասնագետը մատնանշում է Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի լարված հարաբերությունները, սակայն, դժվարանում է ասել՝ արդյոք 44-օրյա պատերազմն է փոխել արաբական երկրի դիրքորոշումը:

«Աշխարհը փոխվում է և Մերձավոր Արևելքը գտնվում է փոխակերպումների մեջ, դժվարանում եմ ասել, թե Արցախյան հարցն ինչ դեր կարող է ունենալ, բայց պետք է ասել, որ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ ազդակներ են եղել Սաուդյան Արաբիայից նույնիսկ նախքան պատերազմը դրական ազդակներ: Չմոռանաք, որ Բեյրութում Սաուդյան Արաբիայի դեսպանը այցելել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն և այլն: Այսինքն բազմաթիվ ազդակներ եղել են նաև պատերազմից առաջ», - ասաց արաբագետը:

Հայաստանը նախկինում էլ է պատրաստ եղել Էր-Ռիյադի հետ հարաբերությունների հաստատմանը, նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը 2017-ին հայտարարել էր՝ Երևանը պատրաստ է, Էր-Ռիադն այդ քայլին չի գնում. «Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել, սակայն դեռ Սաուդյան Արաբիան չի գնում դրան, երբ որ կգնա, այն ժամանակ կհաստատենք: Մենք այնպիսի վիճակում չենք, որ այդ հարաբերությունների հաստատումից ինչ-որ հեղաշրջում կլինի Ադրբեջանի հետ հարաբերություններում կամ ինչ-որ բան կփոխվի այս կամ այն կողմ»:

Արաբագետ Արաքս Փաշայանի կարծիքով՝ իսլամական աշխարհի հետ հարաբերությունների բարելավումն անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ Ադրբեջանը այդ շրջանակում ակտիվ հակահայկական քարոզչություն է իրականացնում:

«Վերջին 30 տարիներին Ադրբեջանը կարողացել է օգտագործել իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնի՝ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության միջոցները Հայաստանը ներկայացնելու որպես, այսպես կոչված, ցեղասպան պետություն, որն ավերում է մզկիթները, գրավյալ տարածքները, և այդ առումով Հայաստանը շատ անելիքներ ունի իսլամական աշխարհում, թեկուզ չեզոքացնելու Ադրբեջանական քարոզչության բացասական կողմերը», - ասաց Փաշայանը:

Ի դեպ, ղարաբաղյան հակամարտությունը չի խանգարել, որ Երևանը դիվանագիտական հարաբերությունների հաստատի Պարսից Ծոցի այլ արաբական միապետությունների՝ Արաբական Միացյալ էմիրությունների և Քուվեյթի հետ։ Երկու պետությունն էլ Հայաստանում դեսպանություններ ունեն։

XS
SM
MD
LG