Իսրայելը Կատարից ստացել է պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր՝ Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկրորդ օրը։ Ցուցակում հիմնականում կանայք և երեխաներ են։ France-Presse-ի տվյալներով՝ խոսքը 14 հոգու մասին է։
«Համաս»-ը, որն ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական խմբավորում, երեկ ազատ է արձակել 13 իսրայելցիների, որոնք գերեվարվել և Գազայի հատված էին տարվել հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի հարձակումից հետո: Կատարի միջնորդությամբ պատանդների փոխանակման առաջին օրը «Համաս»-ն ազատ է արձակել 34-ից մինչև 85 տարեկան ինը կնոջ և չորս երեխայի։
Թայլանդի իշխանությունները հրապարակել են տասը թայլանդցի պատանդների անունները, որոնք նույնպես նախօրեին ազատ են արձակվել, ազատ է արձակվել նաև Ֆիլիպինների մի քաղաքացի։
Իսրայելն, իր հերթին, վերջերս բանտից ազատ է արձակել նախկինում դատապարտված պաղեստինցի 39 կանանց և դեռահասների։ Սպասվում է, որ այսօր ազատ կարձակվեն 42 պաղեստինցիներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու «Համաս»-ը սկսեցին բանտարկյալների ու պատանդների փոխանակումըՀակամարտող կողմերն առայժմ պայմանավորվել են քառօրյա հրադադարի շուրջ, բայց չի բացառվում, որ գործարքը երկարաձգվի: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Կրակի դադարեցման պայմանները նախատեսում են նաև մարդասիրական օգնության առաքում Գազայի հատված։ Հաղորդվում է, որ նախօրեին մարդասիրական ապրանքներով 196 բեռնատար մտել է Գազա:
Հրադադարի խախտման դեպքեր այս պահի դրությամբ չեն գրանցվել։ Իսրայելցի զինվորականները շարունակում են մնալ Գազայի հյուսիսում գտնվող դիրքերում, որոնք ավելի վաղ գրավել են ցամաքային գործողության ընթացքում։ ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի Պաշտպանության բանակը, մտադիր է հրադարից հետո հետո շարունակել «Համաս»-ի դեմ ռազմական գործողությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահու. «Իսրայելը կշարունակի պատերազմը հրադադարից հետո»