Իսրայելն ու Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը սկսել են բանտարկյալների ու պատանդների փոխանակումը։ Սա քառօրյա հրադադար հաստատելու գործարքի պայմանն էր, որն այսօր առավոտյան ուժի մեջ մտավ։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելցի առաջին 13 պատանդները փոխանցվել են Կարմիր Խաչին։ Բացի այդ, Թայլանդի վարչապետը քիչ առաջ հայտնել է, որ Գազայում ծայրահեղական «Համաս»-ի կողմից ազատ են արձակվել նաև 12 թայլանդցի պատանդներ, նրանք, սակայն, գործարքի մաս չեն կազմում:
Միևնույն ժամանակ, Կարմիր Խաչի պաշտոնյաներն ավտոբուսով «Օֆեր» բանտից 39 պաղեստինցի բանտարկյալների են վերցրել, որոնք պետք է ազատ արձակվեն:
Գազայի հատվածում այսօրվանից ժամանակավոր զինադադարը համաձայնեցվել է Իսրայելի և «Համաս»-ի անուղղակի բանակցությունների ընթացքում։
Քաթարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված գործարքը ենթադրում է ռազմական գործողությունների քառօրյա դադար՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու, և «Համաս»-ի պատանդների փոխանակում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների հետ:
13 իսրայելցի պատանդները պետք է ուղևորվեն Եգիպտոս՝ այնտեղ բուժզննում կանցնեն, հետո կտեղափոխվեն Իսրայել:
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ «համաձայնեցված է, որ չորս օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 50 մարդ կազատվի»:
Երբ 13 պատանդներն այսօր հայտնվեն իսրայելցիների մոտ, Իսրայելը կազատի 39 պաղեստինցի բանտարկյալներին, իսկ հետո նույն գործընթացը պետք է կրկնվի հաջորդ երեք օրվա ընթացքում. 50 իսրայելցի պատանդ՝ 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց:
Պաղեստինի վարչակազմի ներկայացուցիչ Քադուրա Ֆարեզի խոսքով՝ այսօր Իսրայելի բանտերից պետք է ազատ արձակվեն 24 կին և 15 անչափահաս տղա:
Իսրայելի իշխանություններն ասում են, թե կա ռազմական գործողությունների այս քառօրյա դադարի երկարաձգման հնարավորություն՝ պայմանով, որ «Համաս»-ն օրական ազատ արձակի ևս 10 պատանդի։
Երբ ծայրահեղական «Համաս» խմբավորումը հարձակվել էր Իսրայելի վրա, ջիհադիստները 240 իսրայելցի են գերեվարել, թե նրանցից քանիսն են զոհվել այս ամիսների ընթացքում, հստակ հայտնի չէ:
Իսրայելական կողմը նաև չի հրապարակում ազատ արձակվող պատանդների անունները՝ խնայելով նրանց հարազատներին։
Քանի դեռ ժամանակավոր զինադադարն ուժի մեջ է, բոլոր ռազմական գործողությունները դադարեցվում են։ Ամեն օր նախատեսվում է ուղարկել 130 հազար լիտր դիզվառելիք և 200 բեռնատար մարդասիրական օգնություն։ Հումանիտար օգնությամբ բեռնատարներն արդեն մտել են Գազա:
Իսրայելի իշխանությունները շեշտում են, որ սա զինադադար չէ, և ասում են, թե համաձայնեցված հրադադարի ժամկետը լրանալուց հետո «Համաս»-ի դեմ պայքարը կշարունակվի։ Նրանք հորդորում են Գազայի հյուսիսային շրջաններից տարհանված քաղաքացիներին չվերադառնալ, քանի որ ռազմական գործողություններն այստեղ ժամանակավոր դադարից հետո շարունակվելու են:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1200 իսրայելցի, որոնց ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են։ «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի բանակի պատասխան գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 14 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայում և այժմ վերահսկում է գոտու հյուսիսային հատվածի մի մասը՝ ներառյալ Գազա քաղաքի մի շարք թաղամասեր և ծովի ափը: