Իսրայելի իշխանությունները մտադիր են մարդասիրական հրադադարից հետո վերսկսել ռազմական գործողությունը Գազայի հատվածում և հասնել առաջադրված բոլոր խնդիրների լուծմանը, այդ թվում՝ «Համաս»-ի ռազմական և վարչական ներուժի ոչնչացմանը։
Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
«Ես ուզում եմ, որ դուք ինձ ճիշտ հասկանաք. պատերազմը շարունակվում է: Մենք կշարունակենք այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր բոլոր նպատակներին, վերադարձնենք բոլոր պատանդներին, ոչնչացնենք «Համաս»-ը և ապահովենք, որ պատերազմի ավարտից հետո Գազան չկառավարի Իսրայելի համար սպառնալիք ներկայացնող որևէ ուժ», - ասել է Նեթանյահուն:
Նա վստահեցրել է, որ իշխանությունները մտադիր են վերականգնել անվտանգությունը երկրի ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային սահմաններին։
«Մենք կվերադարձնենք անվտանգությունը և՛ հարավին, և՛ հյուսիսին, մենք հաղթում ենք և շարունակելու ենք պայքարել մինչև լիակատար հաղթանակ», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: