Իսրայելն ու «Համաս»-ը սկսեցին բանտարկյալների ու պատանդների փոխանակումը

Ենթադրաբար «Համաս»-ի կողմից ազատ արձակված իսրայելցի պատանդներին տեղափոխող Կարմիր Խաչի ավտոմեքենան հատում է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանի Ռաֆահ անցակետը, 24-ը նոյեմբերի, 2023թ.

Իսրայելն ու Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը սկսել են բանտարկյալների ու պատանդների փոխանակումը։ Սա քառօրյա հրադադար հաստատելու գործարքի պայմանն էր, որն այսօր առավոտյան ուժի մեջ մտավ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում չորսօրյա հրադադար է հաստատվել

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելցի առաջին 13 պատանդները փոխանցվել են Կարմիր Խաչին։ Բացի այդ, Թայլանդի վարչապետը քիչ առաջ հայտնել է, որ Գազայում ծայրահեղական «Համաս»-ի կողմից ազատ են արձակվել նաև 12 թայլանդցի պատանդներ, նրանք, սակայն, գործարքի մաս չեն կազմում:

Միևնույն ժամանակ, Կարմիր Խաչի պաշտոնյաներն ավտոբուսով «Օֆեր» բանտից 39 պաղեստինցի բանտարկյալների են վերցրել, որոնք պետք է ազատ արձակվեն:

Գազայի հատվածում այսօրվանից ժամանակավոր զինադադարը համաձայնեցվել է Իսրայելի և «Համաս»-ի անուղղակի բանակցությունների ընթացքում։

Քաթարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված գործարքը ենթադրում է ռազմական գործողությունների քառօրյա դադար՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու, և «Համաս»-ի պատանդների փոխանակում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների հետ:

13 իսրայելցի պատանդները պետք է ուղևորվեն Եգիպտոս՝ այնտեղ բուժզննում կանցնեն, հետո կտեղափոխվեն Իսրայել:

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ «համաձայնեցված է, որ չորս օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 50 մարդ կազատվի»:

Երբ 13 պատանդներն այսօր հայտնվեն իսրայելցիների մոտ, Իսրայելը կազատի 39 պաղեստինցի բանտարկյալներին, իսկ հետո նույն գործընթացը պետք է կրկնվի հաջորդ երեք օրվա ընթացքում. 50 իսրայելցի պատանդ՝ 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց:

Պաղեստինի վարչակազմի ներկայացուցիչ Քադուրա Ֆարեզի խոսքով՝ այսօր Իսրայելի բանտերից պետք է ազատ արձակվեն 24 կին և 15 անչափահաս տղա:

Իսրայելի իշխանություններն ասում են, թե կա ռազմական գործողությունների այս քառօրյա դադարի երկարաձգման հնարավորություն՝ պայմանով, որ «Համաս»-ն օրական ազատ արձակի ևս 10 պատանդի։

Երբ ծայրահեղական «Համաս» խմբավորումը հարձակվել էր Իսրայելի վրա, ջիհադիստները 240 իսրայելցի են գերեվարել, թե նրանցից քանիսն են զոհվել այս ամիսների ընթացքում, հստակ հայտնի չէ:

Իսրայելական կողմը նաև չի հրապարակում ազատ արձակվող պատանդների անունները՝ խնայելով նրանց հարազատներին։

Քանի դեռ ժամանակավոր զինադադարն ուժի մեջ է, բոլոր ռազմական գործողությունները դադարեցվում են։ Ամեն օր նախատեսվում է ուղարկել 130 հազար լիտր դիզվառելիք և 200 բեռնատար մարդասիրական օգնություն։ Հումանիտար օգնությամբ բեռնատարներն արդեն մտել են Գազա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայի հատվածը խիստ պահանջված վառելիք է ստանում

Իսրայելի իշխանությունները շեշտում են, որ սա զինադադար չէ, և ասում են, թե համաձայնեցված հրադադարի ժամկետը լրանալուց հետո «Համաս»-ի դեմ պայքարը կշարունակվի։ Նրանք հորդորում են Գազայի հյուսիսային շրջաններից տարհանված քաղաքացիներին չվերադառնալ, քանի որ ռազմական գործողություններն այստեղ ժամանակավոր դադարից հետո շարունակվելու են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահու. «Իսրայելը կշարունակի պատերազմը հրադադարից հետո»

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1200 իսրայելցի, որոնց ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են։ «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի բանակի պատասխան գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 14 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայում և այժմ վերահսկում է գոտու հյուսիսային հատվածի մի մասը՝ ներառյալ Գազա քաղաքի մի շարք թաղամասեր և ծովի ափը:

Your browser doesn’t support HTML5

50 իսրայելցի պատանդ՝ 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց. քառօրյա հրադադար՝ Գազայում