Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը, որի շուրջ բանակցել են Իսրայելը և «Համաս»-ը, վաղը՝ նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին կմտնի ուժի մեջ: «Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Ձեռք բերված համաձայնության մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտնել է միջնորդի դերում հանդես եկած Քաթարի ԱԳՆ ներկայացուցիչը:
Երեկ հայտնի է դարձել, որ Իսրայելն ու «Համաս»-ի ահաբեկիչները համաձայնել են քառօրյա հրադադար հաստատել և այդ ընթացքում փոխանակել գերիներին ու պատանդներին:
Բացի այդ, հրադադարի օրերին Գազայի հատված կփոխադրվի մարդասիրական օգնություն՝ պարեն, դեղորայք, ջուր և վառելիք:
Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբեր 23-ին, սակայն մի շարք խնդրիների վերջնական համաձայնեցման համար մեկ օրով հետաձգվել է: