Ալիևը Հայաստանի հասցեին հերթական կոշտ հայտարարություններն է հնչեցրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևն ընդունում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Բաքու, 24-ը նոյեմբերի, 2023թ.

Ձախողված, կախյալ, իր տերերին ծառայող, խոշոր պետությունների միջև առճակատման հարթակի վերածված և միանգամից երկու աթոռի վրա նստող. Իլհամ Ալիևի գնահատականներն են Հայաստանին, որոնք նա հնչեցրել է իր տնտեսական դաշնակիցների հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը:

«Աշխարհում բազմաթիվ անհաջողակ, կախյալ երկրներ կան, որոնք ցանկանում են միաժամանակ երկու կամ ավելի աթոռների վրա նստել, ծառայել մի քանի տիրոջ և վերածվել ավելի մեծ պետությունների առճակատման հարթակի։ Դրանցից մեկը Ադրբեջանի հարևան Հայաստանն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Այդպիսի երկրները չեն կարող համարվել անկախ բառի իսկական իմաստով։ Նման երկրների քաղաքականության հիմքում իրենց ժողովուրդների կամքը չէ, նրանց ճակատագիրը գտնվում է իրենց օտարերկրյա հովանավորների ձեռքերում», - ասել է Ալիևը:

Որ երկրները նկատի ունի՝ նա չի մանրամասնել։ Վերջին շրջանում Բաքուն դժգոհ է Վաշինգտոնից և Փարիզից, որոնց մեղադրում է հայամետ քաղաքականություն վարելու համար:

Հայաստանի հետ հաշտեցման գործընթացին Ալիևն իր ծավալուն ելույթում չի անդրադարձել։ Փոխարենը նա կրկին խոսել է 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ձեռքբերումներից՝ չթաքցնելով, որ Բաքուն հաջողությունների է հասել ոչ թե բանակցությունների միջոցով, այլ՝ ռազմական ուժի գործադրմամբ։ Նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականին Ստեփանակերտում արած հայտարարությունն է մատնացույց արել՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ», և պնդել՝ այդ հայտարարությունն ամբողջությամբ ոչնչացրեց բանակցային գործընթացը:

Հայաստանի հասցեին հերթական կոշտ հայտարարություններն Ադրբեջանի առաջնորդը հնչեցրել է Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի 25-ամյակին նվիրված գագաթնաժողովի ընթացքում։

Ի դեպ, միջոցառմանը մասնակցող մի շարք ղեկավարներ` Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի առաջնորդները Ադրբեջան են ժամանել անմիջապես ՀԱՊԿ-ի նիստից հետո, որը Հայաստանը բոյկոտել էր։

Հավաքին ներկա է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով բազմիցս պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես անաչառ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։

Այսօր Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ հանդիպման ընթացքում Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտ ժամանակում կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղարիբաշվիլին Ալիևի հետ հանդիպմանը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է հայտնել Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է ԲաքուՏաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները ժամանել են Բաքու

Your browser doesn’t support HTML5

Ալիևը Հայաստանի հասցեին հերթական կոշտ հայտարարություններն է հնչեցրել