Իսրայելի վրա Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հարձակման ժամանակ առևանգված պատանդների ազատ արձակումը Գազայի հատվածում հումանիտար հրադադարի դիմաց հետաձգվել է մինչև ուրբաթ՝ նոյեմբերի 24-ը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։
Երեկ Իսրայելի կառավարությունը հաստատել էր պաղեստինյան «Համաս» խմբավորման հետ գործարքի պայմանները, ըստ որոնց՝ ջիհադիստների կողմից առևանգված առնվազն 50 մարդ՝ կանայք և երեխաներ, ազատ կարձակվեն չորս օրվա ընթացքում, և այդ ընթացքում կգործի ռազմական գործողությունների դադար։ Համաձայնագիրը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, պետք է ուժի մեջ մտներ այսօր առավոտյան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գազայում մարդասիրական հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 24-ի առավոտյան 7-ինԻսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարը հետաձգվում է մինչև ուրբաթ օրըԳործընթացի ձգձգման պատճառները պարզ չեն։ Իսրայելի պաշտոնյաներն ասում են, թե դեռ կան դետալներ, որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն։
Խոսքը հումանիտար դադարի մասին է, Իսրայելը կանգ առնելու մտադրություն չունի:
«Ես ուզում եմ հստակ ասել՝ պատերազմը շարունակվում է: Պատերազմը շարունակվում է: Մենք այն կշարունակենք այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր բոլոր նպատակներին՝ վերադարձնել մեր առևանգվածներին, վերացնել «Համաս»-ը և երաշխավորել, որ «Համաս»-ից հետո Գազան չի վերահսկվի որևէ մեկի կողմից, որն աջակցում է ահաբեկչությանը, իր երեխաներին կրթում է ահաբեկչության համար, ֆինանսավորում է ահաբեկիչներին կամ նրանց ընտանիքներին: Գազայի հատվածն այլևս սպառնալիք չի լինի Իսրայելի համար», - հայտարարել է Նեթանյահուն:
BBC-ի որոշ աղբյուրների համաձայն՝ «Համաս»-ը չի վավերացրել համաձայնագիրը և նոր պահանջներ է ներկայացրել։ Խմբավորումն Իսրայելին չի տրամադրել նաև առաջին օրը ազատ արձակվող պատանդների ցուցակը։
Ըստ Times of Israel-ի՝ Իսրայելը չի հրապարակի ազատ արձակվող պատանդների ցուցակը, քանի դեռ նրանք ազատության մեջ չեն, որպեսզի ընտանիքներին կեղծ հույսեր չտան, եթե գործարքը ձախողվի:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը, մինչդեռ, ասում է, թե գործարքն ուժի մեջ է. - «Գործարքը համաձայնեցված է և մնում է համաձայնեցված: Կողմերը մշակում են վերջնական նյութատեխնիկական մանրամասները»:
Ուոթսոնի խոսքով՝ լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ՝ պատանդներից յուրաքանչյուրի գտնվելու վայրի ու շարժման ուղիների, ինչպես նաև տրանսպորտային նյութատեխնիկական ապահովման հետ կապված մանրամասները ճշտելու համար։
Ադրիեն Ուոթսոնն ասում է, թե ևս մեկ օր սպասելու որոշումը կայացրել է Իսրայելը՝ հրադադարի միջնորդներ Կատարի և Եգիպտոսի հետ միասին:
Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1200 իսրայելցի, 240 մարդ պատանդ է վերցվել: «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի բանակի պատասխան գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 14 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Մինչ աշխարհի շատ երկրներում մեղադրում են Իսրայելին քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ, Իսրայելի պաշտպանության ուժերը և «Շին Բեթ» ներքին անվտանգության ծառայությունն այսօր համատեղ հայտարարություն են տարածել՝ հաստատելով Գազա քաղաքի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մոհամմադ Աբու Սալմիային կալանավորելու փաստը:
Անցած շաբաթ իսրայելական զորքերը մտան Գազայի ամենամեծ հիվանդանոց՝ «Ալ-Շիֆա»։ Ավելի ուշ Իսրայելի Պաշտպանության բանակը ցույց տվեց լուսանկարներ, տեսանյութեր և այլ փաստաթղթեր՝ պնդելով, որ «Համաս»-ը Գազայի ամենամեծ հիվանդանոցն օգտագործել է իր ահաբեկչական գործողությունների համար:
Իսրայելի Պաշտպանության բանակի և «Շին Բեթի» համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Ալ-Շիֆա»-ի տնօրենը հարցաքննվում է այն բանից հետո, երբ «զգալի քանակությամբ ապացույցներ» ցույց են տվել, որ նրա ղեկավարությամբ հիվանդանոցն օգտագործվել է որպես «Համաս»-ի հրամանատարական կենտրոն:
Անցած շաբաթ Իսրայելի Պաշտպանության բանակը հրապարակեց տեսագրություն հիվանդանոցի ներսից, որտեղ, ըստ զինվորականների, երևում էր, որ «Համաս»-ի զինյալները հոկտեմբերի 7-ին երկու պատանդների են տանում շենք, իսկ հիվանդանոցի աշխատակիցները նայում էին ու ոչինչ չէին անում: Զինվորականները նաև լուսանկարներ և տեսանյութեր են ներկայացրել, որոնք ցույց են տալիս «Համաս»-ի մի քանի թունելներ հիվանդանոցի տակ:
Բացի այդ, դիահերձման զեկույցը հաստատել է, որ պատանդ վերցված իսրայելցի զինվոր Նոա Մարչիանոն սպանվել է հիվանդանոցային համալիրի ներսում: «Համաս»-ը պնդում է, թե նրա մահը Իսրայելի օդային հարվածների հետևանք է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը գործողություն է իրականացնում Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցումՔանի դեռ հումանիտար դադար չի հայտարարվել, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածի հյուսիսում, որտեղից ավելի վաղ Գազայի հարավային շրջաններ է տարհանվել բնակչության զգալի մասը:
Your browser doesn’t support HTML5