ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարում է, թե կառույցը շարունակում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու հարցով աշխատանքները։
Ռազմաքաղաքական դաշինքի այս հայտարարությունը հաջորդում է պաշտոնական Երևանի դիմումին, որում Հայաստանի իշխանությունները խնդրել են կառույցի օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը, նախօրեին տեղեկացրել էր դաշինքի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տասմագամբետով․ «Երևանը խնդրել է ՀԱՊԿ առաջիկա հավաքի օրակարգից հանել Հայաստանին օգնության հարցը»Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել դաշինքից իր դժգոհությունների մասին․ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Տարեսկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա՝ պարզաբանելով, թե ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։ Հայաստանը հրաժարվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ետ է կանչել ռազմական դաշինքից իր դեսպանին ու մինչ օրս նորին չի նշանակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը շարունակում է դժգոհել ՀԱՊԿ-ից, սակայն կառույցը լքել դեռ չի պատրաստվում