Ստորագրվեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը:

Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Պարույր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ համաձայնագիրը պետք է նպաստի ԵՄ առաքելության գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը. - «Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»:

Այս պահին, ըստ փոխնախարարի, խոսքը դիտորդների թվի ավելացման, կարողությունների ուժեղացման մասին է, «մանդատի մասին դեռ վաղ է խոսել»: «Երրորդ կողմերից Կանադան է միացել առաքելությանը, կա հետաքրքրություն այլ երկրներից ևս», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Հովհաննիսյանը:

Ըստ «Ազատության» աղբյուրների՝ Հայաստանում ԵՄ դիտորդների թիվն ավելացվել է 70-ով:

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, իր հերթին, ընդգծել է. - «Մենք հավատում եք, որ սա կամրապնդի մարդկանց անվտանգությունը, մենք նաև նպաստում ենք տարածաշրջանում վստահության ամրապնդմանը: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և սա մեր գործիքներից մեկն է, որ ունենք Հայաստանում»:

Պարույր Հովհաննիսյանն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ առաջընթաց է արձանագրվել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, և շուտով պետք է ստորագրվի պայմանագիր Եվրամիության դիտորդների իմունիտետի և արտոնությունների վերաբերյալ։ «ԵՄ դիտորդական առաքելության ուժեղացումը և ընդլայնումը Երևանի օրակարգում է», - ասել էր ԱԳ փոխնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուտով պայմանագիր կստորագրվի ԵՄ դիտորդների իմունիտետի և արտոնությունների վերաբերյալ․ փոխարտգործնախարար

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։
Վերջերս Կանադան է որոշել միանալ առաքելությանը, անցած շաբաթ էլ ԵՄ արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իշխանությունը ողջունում է Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդարձակելու՝ ԵՄ ԱԳ նախարարների որոշումըԵՄ ԱԳ նախարարները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը