«Չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության»․ ԵԱՀԿ ԽՎ-ն ավարտեց աշնանային նստաշրջանի աշխատանքը

«Երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, մենք բախվեցինք մարդկային տառապանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, գերեվարման և բռնի անհետացման, անհայտ կորածների, գերիների և խաղաղ բնակիչների սպանությունների, իրենց տներից զրկված տասնյակ հազարավոր մարդկանց զրկանքների տխուր իրողությունների հետ»,- ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երեկվա նիստում հայտարարել է Միջազգային-իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ Ազգային ժողովի՝ նա շեշտել է, որ ավելի քան մեկ ամիս առաջ ականատես եղան Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան:

«Մենք ունենք շատ ու շատ հակամարտություններ, որոնք բռնկվում են երկրագնդի տարբեր կետերում, իսկ սառեցված հակամարտությունները պայթում են եվրոպական մայրցամաքում ու այլ վայրերում, և դա մեզ շատ է անհանգստացնում: Սա փորձության է ենթարկում միջազգային իրավական կարգը՝ տեսնելու, թե ինչ կարող է անել միջազգային իրավական կարգն այս հակամարտությունները լուծելու համար»,- ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքին՝ Կիրակոսյանը դա անթուլատրել է համարել՝ շեշտելով դրա աղետալի հետևանքները։

Խորհրդարանից փոխանցում են, որ ՀՀ ներկայացուցիչը խոսել է նաև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին՝ ընդգծելով՝ դա հանգեցրեց էթնիկ զտման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետ


Բելգիայի ներկայացուցիչը կարևորել է հակամարտությունների գոտիներ այցելելն ու տեղում իրավիճակը հասկանալը:

Պատվիրակներն անդրադարձել են ռուս-ուկրաինական, Իսրայելի և Պաղոստինի հակամարտություններին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին:

Չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության, հայտարարվել է նիստում, կարևորվել բոլոր խաղաղ քաղաքացիների իրավունքների հավասար պաշտպանությունը:

Պատվիրակների կողմից մերժվել է երկակի ստանդարտների քաղաքականությունը:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորվել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը:

ԵԱՀԿ ԽՎ-ում Բելգիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը նշել է, որ պատրաստվում է այցելել փախստականների կենտրոն՝ տեղում հանդիպելու և նրանց խնդիրները լսելու համար:

«Պետք է աջակցենք Հայաստանին՝ հաղթահարելու այս իրավիճակը»,- ընդգծել է պատգամավորը:

Կարևորվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, Ադրբեջանում հայերի վերաինտեգրմանն առնչվող խոստումների կատարումը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման կարևորել է աշխարհում խաղաղության հաստատումը, նշել, որ վեհաժողովի առաքելությունն է աշխատել այդ ուղղությամբ:

ԵԱՀԿ ԽՎ-ն երեկ ավարտել է աշնանային նստաշրջանի աշխատանքը։ Այն մեկնարկել էր նոյեմբերի 18-ին։

Ազգային ժողովից հայտնել էին, որ Հայաստանը հյուրընկալել էր կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորների: Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չէին մասնակցում նիստին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով․ Փաշինյան