Պաշտոնական Երևանը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը։
Հայաստանի արտգործնախարարությունը նշանակալից է համարում որոշումը՝ շեշտելով՝ Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակներում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել։
«Դա Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս պատճառելու շարունակական վտանգի առկայության ցուցիչ է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի որդեգրած վարքագծով։ Դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդ որոշումները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ համաձայն միջազգային իրավունքի», - ասված է հայտարարությունում։
Արդարադատության միջազգային դատարանը բավարարելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով» Հայաստանի թվով 5-րդ միջնորդությունը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել այն մարդկանց վերադարձը, որոնք սեպտեմբերի 19-ից հետո հեռացել են Լեռնային Ղարաբաղից, եթե նրանք նման ցանկություն ունեն: Ընդ որում՝ Ադրբեջանը դա պետք է անի արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների։
Դատարանի հաջորդ պահանջն էլ այն է, որ Ադրբեջանն արագ ու անվտանգ պայմաններում ապահովի Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց ելքը, եթե նրանք դա ցանկանան:
«Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն մարդիկ, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում կամ սեպտեմբերի 19-ից հետո վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, կարողանան ապրել այնտեղ առանց ուժի կիրառման կամ սպառնալիքի»,- սա էլ երրորդ պահանջն է:
Բաքուն ութ շաբաթ ժամանակ ունի հաշվետվություն ներկայացնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն տարբեր կերպ են մեկնաբանում ՄԱԿ-ի դատարանի որոշումը