Կառավարությունում վատնում չեն համարում լուծարվող ու գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ՏՏ ընկերություններին տրված շուրջ կես միլիոն դոլարի պետական աջակցությունը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր պնդեց, թե գումարը տրվել է ընկերություններին՝ արդեն կրած վնասները մեղմելու կամ փոխհատուցելու համար։
Պետական աջակցությունը նախատեսված էր դոլարի կտրուկ արժեզրկման ընթացքում արտերկրի շուկաների համար աշխատող ու դոլարով վարձատրվող ՏՏ ընկերությունների համար։
«Չի ակնկալվել, որ գումարը տրամադրելուց հետո որոշակի գործունեություն կամ արդյունք պետք է իրենք ներկայացնեն», - ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Մինչդեռ անցած տարի ընդհանուր 10 մլրդ դրամի աջակցության որոշումը ներկայացնելիս նախարար Ռոբերտ Խաչատրյանն ինքն էր հայտարարել, որ այն հնարավորության կտա պահպանել ոլորտի աշխատատեղերն ու աշխատավարձերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կառավարությունը 10 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի ՏՏ ոլորտինՎարչապետն էլ իր հերթին շեշտել էր՝ հասցեականության անհրաժեշտությունը։
«Նաև հաշվի առնելով մեր նախկին փորձը, մենք խնդիր ունենք, որ աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական, և աջակցության էֆեկտը նաև լինի ոչ միայն տեղային, այլև ընդհանուր ազդեցություն ունենա, դրական ազդեցություն ունենա ոլորտի և տնտեսության վրա», - նշել է վարչապետ:
«Հետք» պարբերականն էր պարզել, որ կառավարությունից աջակցություն ստացած ՏՏ ընկերություններից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է, 4-ը՝ լուծարման գործընթաց սկսել պետական աջակցությունը ստանալուց առաջ կամ՝ օրեր, ամիսներ հետո։ Ընդ որում՝ լրատվամիջոցի ձեռքի տակ հայտնվել էր 10 միլիարդ դրամ աջակցությունից օգտված ընկերությունների միայն մի մասի անունները։ Նախարարությունը հրաժարվում է բացահայտել, թե որ ընկերություններն են գումարը ստացել։
Պետությունը պետք է վերլուծեր ռիսկերը մինչ աջակցության տրամադրումը, Հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ հակառակ դեպքում դա կնշանակի, որ պետական միջոցները փոշիացվել, վատնվել են։
«Պետք է գնահատեին այդ ընկերությունների հեռանկարները, ինչպես անում են բանկերը, երբ որ վարկ են տալիս: Ի վերջո եթե այդ ամենը չի արվել, դա համարվում է ուղղակի մսղում», - ասաց նա:
Վարուժան Հոկտանյանն ասում է՝ բացի այդ՝ պետությունը պետք է աջակցության տրամադրման հստակ մեխանիզմներ մշակվեր՝ նման իրավիճակներից խուսափելու համար։ Հենց փոխանցման ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետք է հասկանար՝ ինչ իրավիճակ է ընկերություններում։ Եթե նրանք արդեն դադարեցրել էին գործունեությունը կամ սկսել լուծարման գործընթաց սկսել, ինչպես պնդել էր ընկերություններից մեկի տնօրենը, պետք է արդեն օգնություն չտրամադրվեր։
«Եթե լինեինք ավելի քաղաքակիրթ պետություն, որպես առաջին քայլ՝ նախարարի հրաժարականն է», - ընդգծեց փորձագետը:
Արդյո՞ք նախարարի պաշտոնանկության հարցը գործադիրի օրակարգում է, կառավարությունից այսօր պարզել չստացվեց։
Մինչ այդ Գլխավոր դատախազությունը «Հետքի» հրապարակման առնչությամբ ուսումնասիրություն է սկսել, գերատեսչությունից այլ մանրամասներ չեն հայտնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՏՏ ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ կառավարության աջակցությունը փոքր-ինչ ուշացած է. կան փակված ընկերություններ