Մատչելիության հղումներ

Կառավարությունը 10 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի ՏՏ ոլորտին


Կառավարությունը 10 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին. որոշումն այսօր կառավարության նիստում ընդունվեց։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը որոշումը պայմանավորեց Հայաստանում ՏՏ ոլորտի վրա համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների շղթայական ազդեցությամբ՝ նաև նկատելով՝ դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտներն են նվազել։

Վարչապետն էլ հավելեց՝ ՏՏ ոլորտից մի քանի ամիս է՝ ահազանգեր են ստանում, ահազանգերն ուսումնասիրել են, քննարկումներ են անցկացրել ու «ամենառացիոնալ տարբերակը» սա են համարել։

«Մեր գնահատմամբ, սա էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում։ Մենք հույս ունենք, որ այս աջակցությամբ ոլորտը երկարաժամկետ կտրվածքով իր մրցունակությունը կավելացնի՝ հարմարվելով և ադապտացվելով այն նոր միջազգային կոնյունկտուրային, որ մենք այսօր ունենք Հայաստանում», - ասաց գործադիրի ղեկավարը։

Դրամի համեմատ դոլարի կտրուկ արժեզրկման պատճառով հայաստանյան ՏՏ ոլորտի շատ ընկերություններ բարձրաձայնում են փակվելու վտանգի մասին։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների ու նրանց ֆինանսական միջոցների մեծ ներհոսքը հանգեցրեց դրամի կտրուկ արժևորման, սա խիստ հարվածեց արտասահմանյան գործընկերների հետ դոլարով աշխատող անհատներին ու կազմակերպություններին։

XS
SM
MD
LG