Շուրջ 25 միլիոն դոլար՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին. դրամի արժևորումից մեծ կորուստներ կրող IT ոլորտի տևական դժգոհություններից ու ահազանգերից հետո կառավարությունն այսօր աջակցություն տրամադրելու որոշում ընդունեց:
«Աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռի պահպանել աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը, որով պոտենցիալ կստեղծվի կազմակերպությունների ադապտացվելու և ապագայում զարգանալու համար», - նախագիծը ներկայարցեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Ռազմավարական հռչակված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ահազանգերի պատճառը գարնանից դրամի նկատմամբ դոլարի էական արժեզրկումն է։ Այս ընկերությունները իրենց արտադրանքը հիմնականում դրսում են վաճառում կամ արտասահմանյան ընկերություններին ծառայություններ մատուցում։ Էժան դոլարի հետևանքով նրանց ֆինանսական մուտքերը նվազել են։
Ոլորտին աջակցելու հարցը գործադիրում վաղուց էր քննարկվում, բայց միայն տարեվեջին որոշում կայացվեց: Վարչապետ Փաշինյանն ասում է՝ բազմաթիվ քննարկումների արյդունքում օգնության այս տարբերակն են ճիշտ համարել. «Չեմ կարող ասել կոնսենսուսային, բայց բազում քննարկումների արդյունքում եկել ենք, որ ռացիոնալ տարբերակը հենց այս տարբերական է, և մենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին 10 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որը, մեր գնահատմամբ, էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը, նկատի ունեմ միջազգային շուկայում»:
Պետական աջակցության արդյունքում այս տարվա հունիսից հոկտեմբեր ամիսներին IT ընկերությունների վճարած եկամտային հարկի մինչև 95 տոկոսը կվերադարձվի։ Դիմել, սակայն, կկարողանան ոչ բոլորը։ Գործադիրը մի շարք չափորոշիչներ է սահմանել. օրինակ՝ այդ ժամանակահատվածում ընկերությունների աշխատավարձային ֆոնդը 20 տոկոսից ավելի չպետք է կրճատված լինի:
«Ներկայացված որոշմամբ առաջարկվում է պետական աջակցություն տրամարդել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը 20 տոկոսից ավելի չեն կրճատել, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը», - մանրամասնեց նախարարը:
«Վերջապես որոշում կայացրին ու ինչ-որ քայլ արեցին, որովհետև դա ևս կարևոր էր: Մինչ այդ անտարբերություն էինք զգում, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ որոշումը, կարծես թե, մի քիչ ուշացած է», - «Ազատության» հետ զրույցում նշեց արտասահմանյան հաճախորդների համար համակարգչային ու բջջային ծրագրեր պատրաստող «Էսթերոքս» ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ադամյանը:
Ըստ նրա՝ ընկերությունում հիմա հաշվարկներ են անում՝ կկարողանան օգտվել աջակցությունից, թե ոչ։ Արմեն Ադամյանն ասաց՝ եթե ավելի վաղ իմանային, որ պետական օժանդակություն է լինելու, ճգնաժամային այս շրջանում այլ որոշումներ կկայացնեին։ Կրճատումներ են ունեցել՝ գուցե իրենք ծրագրից դուրս մնան. «Եթե, օրինակ, ավելի շուտ ասվեր, որ այսպիսի բան պետք է լինի, ոնց որ ավելի դուխով գնացեք առաջ, շատ լավ, հիմա պատկերացրեք, որ կան ընկերություններ, որ շատ փոքրացել են, կան, որ ընդհանրապես արդեն փակվել են: Այդ ընկերություններին փաստորեն սա չի օգնելու», - շեշտեց նա:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ փոքրաթիվ ընկերություններ կկարողանան օգտվել այս ծրագրից։ Նրա գնահատմամբ՝ սահմանված չափորոշիչներն արդար չեն. «Միանշանակ համաձայն եմ, որ պետք է մտածվեր նոր մոտեցումներ աջակցության, բայց այս մոտեցումը, որ նրանք բերեցին, հիմնավորումները թույլ են, խտրական են»:
Դրամի արժևորման պատճառով միայն ՏՏ ոլորտը չէ, որ տուժել է. անցնող ամիսներին նույնաբովանդակ ահազանգեր էին հնչում արտահանմամբ զբաղվող այլ ոլորտներից ևս։ «Օրինակ՝ գինեգործությունը, երշիկի, կաթնամերքի արտադրությունը, որոնք հիմա անկում ունեն 8-9 ամիսների հաշվարկով, այս ոլորտներին կառավարությունը որևէ աջակցություն չի ցուցաբերել, և այստեղ, անշուշտ, ոլորտային խտրականություն կա», - նշեց տնտեսագետը:
IT ընկերություններն ասում են՝ 4 ամսվա եկամտահարկի մասնակի վերադարձը կարճաժամկետ լուծում է, տնտեսական նույն միտումների պահպանման դեպքում գործադիրն ավելի երկարաժամկետ ծրագրեր պետք է մշակի։