Իսրայելի բանակը գիշերը հարվածել է «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավարի նստավայրին

Իսրայելի բանակը այս գիշեր Գազայի հատվածում հարվածել է ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի նստավայրին։ Ինքը՝ Հանիյեն, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է Գազայից դուրս։

Հանիյեի նստավայրն օգտագործվել է որպես ահաբեկչական ենթակառուցվածք և հաճախ ծառայել է որպես «Համաս»-ի բարձրաստիճան ղեկավարների հանդիպման վայր՝ Իսրայելի քաղաքացիների և իսրայելական զինվորականների դեմ ահաբեկչական հարձակումները քննարկելու համար, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Բացի այդ՝ իսրայելցի զինվորականները գրավել են Գազայի արևմտյան արվարձանում գտնվող Ալ-Շաթի ճամբարը և ոչնչացրել այստեղ պահվող ռազմական տեխնիկան և զենքը։

Ալ-Շաթի ճամբարը

Շարունակվում են ռազմական գործողությունները նաև Գազայի ամենամեծ «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում։ «Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական բուլդոզերները ոչնչացրել են հիվանդանոցի հարավային մուտքի մի մասը։ Իսրայելի ղեկավարությունը կարծում է, որ զինյալները թունելների ցանց են ստեղծել «Ալ-Շիֆա» համալիրի տակ, և որ այնտեղ տեղակայված է «Համաս»-ի հրամանատարական կետը։

«Երբ մեր զորքերը այստեղ բացեցին այս պահարանը, որը կլինիկայի հիմնական մասում է, ահա թե ինչ գտան։ Այս զենքերի տեղը հիվանդանոցում չէ: Միակ պատճառը, որ դրանք այստեղ են, այն է, որ «Համաս»-ը նրանց դրել է այստեղ, քանի որ նրանք օգտագործում են այս վայրը, ինչպես շատ այլ հիվանդանոցներ, շտապօգնության մեքենաներ Գազայի հատվածում իրենց անօրինական ռազմական նպատակների համար», - նշել է իսրայելցի զինվորականը:

«Ալ-Շիֆա» հիվանդանոցի տարածքը

«Համաս»-ի ներկայացուցիչները հերքում են հիվանդանոցում զենք հայտնաբերելու մասին իսրայելական կողմի պնդումները։ ՄԱԿ-ի գործակալությունները երեկ հայտնել էին, որ հիվանդանոցում մոտ 2300 մարդ կա՝ հիվանդներ, բժշկական անձնակազմ և տեղահանված քաղաքացիական անձինք: Զինվորականներն ընդգծում են, որ գործողության ընթացքում ձգտում են վնաս չպատճառել խաղաղ բնակչությանը։

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առաջին բանաձևն է ընդունել Գազայի հատվածում երկարաժամկետ մարդասիրական զինադադարի մասին՝ խաղաղ բնակչությանը օգնություն հասցնելու նպատակով։ Իսրայելի արտգործնախարարությունը, սակայն, մերժել է փաստաթուղթը՝ ասելով, թե քանի դեռ «Համաս»-ը պատանդներ է պահում, նման միջոցները տեղին չեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ԱԽ-ն Իսրայելի և «Համասի» հակամարտության վերաբերյալ առաջին բանաձևն է ընդունել

Իսրայելի գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքն ամեն ինչ անում է «Համաս»-ի կողմից պատանդ պահվող իսրայելցիներին ազատելու համար։ Բացի այդ Բայդենը կրկին շեշտել է, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հասկացրել է, որ երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի համակեցության բանաձևը մերձավորարևելյան հակամարտությունը կարգավորելու միակ տարբերակն է:

«Տեսեք, ես իսրայելցիներին, Բիբիին և նրա ռազմական կաբինետին հասկացրեցի, որ կարծում եմ, թե այստեղ միակ վերջնական լուծումը երկու պետությունների ստեղծումն է, որն իրական է: Ես դա հասկացրեցի իսրայելցիներին, կարծում եմ, որ նրանց համար մեծ սխալ է մտածել՝ գրավել և պահպանել Գազան», - նշել է ԱՄՆ նախագահը:

Նեթանյահուն, օրերս խոսելով Իսրայելի՝ հետպատերազմյան ծրագրերի մասին, ասել էր, որ երկիրը կպահպանի Գազայի հատվածի անվտանգության, մուտքի ու ելքի վերահսկողությունը՝ ծայրահեղականներին հետապնդելու համար: