Մատչելիության հղումներ

Իսրայելը Գազայի հատվածում շրջապատել է ամենախոշոր «Ալ-Շիֆա» հիվանդանոցը


Գազայի հատվածի հյուսիսում երկուշաբթի օրը մարտական հիմնական գործողությունները ծավալվել են խոշորագույն «Ալ-Շիֆա» հիվանդանոցի շուրջ։ Վիրաբույժ Ահմեդ էլ-Մոխալալաթին հեռախոսով «Ռոյթերս»-ին ասել է, որ հիվանդանոցի դիմաց տանկեր են կանգնած։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ «Ալ-Շիֆան» այլևս հիվանդանոց չէ՝ անդադար փոխհրաձգություններն ու պայթյունները խորացրել են առանց այդ էլ ծայրահեղ իրավիճակը։

Հիվանդանոցում գտնվող պացիենտների, բուժանձնակազմի ու այնտեղ պատսպարված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը, ըստ տեղական լուրերի, ավելի քան երկու հազար է։ Սա ավելի քիչ է, քան նախկինում հաղորդվում էր և նշանակում է այնտեղ պատսպարվածների մի մասը հեռացել է հիվանդանոցից։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ մարդասիրական միջանցք է բացվել խաղաղ բնակիչների հեռանալու համար։ Տեսանյութերում երևում է, որ մարդիկ դուրս են գալիս հիվանդանոցից, հարազատները փորձում են տարհանել նաև միջին ծանրության վիրավորներին։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մոհամադ Զաքութը երեկվա հարցազրույցում Եգիպտոսին խնդրել է շտապ օգնության մեքենաներ ուղարկել «Ալ-Շիֆայի» պացիենտներին փրկելու համար։ Նա ասել է, որ հիվանդանոցում 650 վիրավոր կա, ինչպես նաև երեխաներ, այդ թվում՝ ինտենսիվ թերապիայի բաժնում գտնվող 36 նորածիններ։

Բրյուսելում այսօր կայացած հանդիպմանը ճգնաժամային կառավարման հարցերով Եվրամիության հանձնակատար Յանեշ Լենարչիչն ասել է, որ Գազայի հատվածի հիվանդանոցների կեսից ավելին չեն գործում, հիմնականում վառելիքի բացակայության պատճառով և շեշտել հումանիտար դադարների անհրաժեշտությունը։

ՄԱԿ-ի Մերձավորարևելյան պաղեստինցի փախստականների օգնության գրասենյակը (UNRWA) այս պատերազմում արդեն 101 աշխատակից է կորցրել, ինչը կարճ ժամանակահատվածում զոհերի ամենամեծ թիվն է գրասենյակի ստեղծվելուց՝ 1949 թվականից ի վեր։ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի վրա ՄԱԿ-ի դրոշը այսօր կիսով չափ իջեցվել է, շենքի ներսում խորհրդանշական մոմ է վառվել, աշխատակիցները վառել ու մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Գազայի հատվածում զոհված գործընկերների հիշատակին։

Իսրայելի իշխանությունները բազմիցս պնդել են, որ «Համաս»-ը հիվանդանոցները, մզկիթները, դպրոցները օգտագործում է որպես հենակետեր, զինապահեստներ, քաղաքացիական անձանց դարձնելով կենդանի վահան։ Նրանք համարում են, որ «Ալ-Շիֆան» «Համաս»-ի հենակետերից է, նկուղներում բունկերներ են ստեղծվել։

ԱՄՆ-ն և Եվրամիությունը «Համաս»-ը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն։

Իսրայելի և «Համաս»-ի միջև ընթացող պատերազմը սկսվեց, երբ հոկտեմբերի 7-ին զանգվածային հրթիռակոծությունից հետո «Համաս»-ի ծայրահեղականները հարձակվեցին Գազայի հատվածին սահմանամերձ իսրայելական բնակավայրերի վրա։ Իսրայելի իշխանությունները ճշտված տվյալներով հաղորդում են 1200 զոհի մասին, սա ավելի քիչ է, քան հաղորդվում էր մինչ այժմ։

Գազայի հատվածը հայտում է, որ իսրայելի ավիահարվածների ու հրետակոծությունների հետևանքով զոհերի թիվն անցել է 11 հազարը, բայց Գազայի հատվածի «Համաս»-ի ենթակայության տակ գտնվող մարմինների տեղեկատվության արժանահավատությունը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

XS
SM
MD
LG