Վարչապետ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ի վերջո պարզաբանեց, թե ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, այն դեպքում, երբ հիմնական սկզբունքները կողմերը համաձայնեցրել են դեռ ամիսներ առաջ։
«Մեծ հաշվով պատճառը անվստահությունն է կողմերի միջև», - ասաց վարչապետը։
Չնայած անվստահությանը՝ Փաշինյանը կրկին պնդեց՝ խաղաղության 3 առանցքային սկզբունքները Ադրբեջանի հետ համաձայնեցվել են այս տարվա մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ։
Ըստ այդմ՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800, իսկ Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր է։ Ըմբռնում կա նաև այն մասին, որ դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն Խորհրդային միության զինված ուժերի Գլխավոր շտաբի 1974-ից 1990 թվականների քարտեզները։
«Կարևոր եմ համարում ընդգծել, որ համաձայնեցված է նաև հետևյալը՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել», - ասաց գործադիրի ղեկավարը։
Փաշինյանի խոսքով՝ Երևանն ու Բաքուն նաև համամիտ են, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա։ Եվ չնայած այս կարևորագույն հարցերի շուրջ համաձայնությանը՝ կողմերը չեն կարողանում առաջ շարժվել. - «Որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր հայտարարությունների և որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»։
Վարչապետը հավելեց՝ հստակեցման կարիք ունեցող մի շարք առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ տարընթերցումներից խուսափելու մեխանիզմի ձևակերպումն է։ Մյուս հարցը անվտանգային երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա չլինի։ Թե ինչպես, չմանրամասնեց։
«Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը», - ասաց գործադիրի ղեկավարը։
«Մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»
Խաղաղության պայմանագրի շուրջ վարչապետը խոսեց 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում։ Պատմական որակելով 7.4 միլիարդ դոլարի ծախս և 7 տոկոս տնտեսական աճ նախատեսող ֆինանսական փաստաթուղթը՝ կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ 2018-ի համեմատ կրկնապատկում են պաշտպանության ոլորտի ծախսերը։ Միաժամանակ վստահեցրեց՝ որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն Երևանը չունի։
«Սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության։ Ես վստահ եմ, որ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք», - ասաց վարչապետը։
Ընդդիմությունը պաշտպանության բյուջեի 7 տոկոսանոց աճը բավարար չի համարում
Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ կառավարության ձեռքբերումների մասին Փաշինյանի պնդումների հետ համաձայն չէ։ Կարծում են՝ 2024-ի բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրներին, առաջին հերթին անվտանգային մարտահրավերին դիմակայելու համար համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։
Ելույթ ունենալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից՝ դաշնակցական Արթուր Խաչատրյանը շեշտեց՝ հաշվի առնելով առկա վտանգները՝ այս տարվա համեմատ պաշտպանության բյուջեի 7 տոկոսանոց աճը բավարար չեն համարում։
«Արցախի Հանրապետության բռնակցման, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 250 քառակուսի կիլոմետր տարածքի բռնազավթման պայմաններում պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը և ագրեսիվ հռետորաբանությունը», - ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ եթե Փաշինյանի կառավարությունը ընդամենը 7 տոկոսով է ավելացնում պաշտպանության ծախսերը, ապա Ներքին գործերի նախարարության բյուջեն ավելացնում է 18 տոկոսով. - «Փաստորեն, Հայաստանի Հանրապետության կառավարության համար սպառանալիք են ոչ թե Ադրբեջանը և նրա հովանավոր Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները»։
Ընդդիմադիր պատգամավորը նաև քննադատեց կառավարությանը Հայաստանի պարտքը շարունակ մեծացնելու համար։ Արթուր Խաչատրյանը նկատեց՝ հաջորդ տարի պարտքը կավելանա շուրջ մեկ միլիարդ դոլարով՝ կազմելով մոտ 12 միլիարդ։
«Երբեք այսպիսի պարտքերի մեջ մենք թաղված չենք եղել», - արձանագրեց նա։
«Հայաստան» խմբակացության պատգամավորը մեկ այլ վիճակագրություն էլ ներկայացրեց՝ միայն այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստանից արատագաղթել է 26 հազարից ավելի մարդ. - «Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները կամ չեն հավատում տնտեսական հրաշքին, կամ չեն հավատում, որ մենք թևակոխել ենք խաղաղության դարաշրջան, այլապես ինչո՞ւ պիտի մարդիկ իրենց տներից գնային»։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից «Ազատությանը» հայտնեցին, որ դեմ կքվեարկեն բյուջեի նախագծին։ Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։