Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը խորհրդարանի ամբիոնից գովաբանեց ոստիկանության աշխատանքը՝ պնդելով, երբևիցե ոստիկանությունը նման գրագետ ձևով չի աշխատել։
«2022 թվականից մինչ օրս գրեթե ամեն օր եղել են միտիգներ, մասսայական անկագություններ, Երևանում ոչ մի անգամ փշալար չի եղել, ոչ մեկի քթից արյուն չի եկել, դա ո՞ւմ շնորհքն է», - նշեց ՆԳ նախարարը:
Վահե Ղազարյանն իր ղեկավարած համակարգի վերաբերյալ գովեստի այս խոսքերը հղեց հակադարձելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի այն պնդմանը, որ ոստիկանները վայրագությունների են դիմում, նախ ծեծի են ենթարկում քաղաքացիներին, ապա այդ նույն ոստիկանների կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորում են նրանց։
Ոստիկանի դեմ բռնության համար մեղադրվող Լևոն Քոչարյանը բերեց նաև իր օրինակը, ընդգծելով, որ եթե պատգամավոր չդառնար, կշարունակեր մնալ կալանքի տակ։
Չհամաձայնելով Քոչարյանի այս հայտարարությունների հետ՝ ներքին գործերի նախարարը ավելի հեռուն գնաց՝ զգուշացնելով, թե թույլ չեն տա, որ Հայաստանում որևէ մեկը կատարի այն արարքները, որոնք եղել են նախկինում։ Թե կոնկրետ ո՞ր արարքները նկատի ուներ, Վահե Ղազարյանը չմանրամասնեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորություններըԼևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ և ազատ արձակվեց«Ես 20 տարի ծառայել եմ ոստիկանությունում և այս ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ երբևիցե նման գրագետ ձևով, համբերատար չի աշխատել ոստիկանությունը, ինչ ծառայում է հենց հիմա: Ասեմ, որ ոստիկանությունը 2022 թվականից 24-ժամյա ռեժիմով աշխատել է, ու թույլ չենք տա՝ որևէ մեկը փորձի էս երկրում էն արարքը կատարի, որ եղել է նախկինում», - ասաց Ղազարյանը:
Լևոն Քոչարյանն արձագանքեց. - «Խնդրում եմ՝ մի քիչ փորձեք ավելի օրիգինալ լինել, այդ նախկին, ներկա էս ամեն ինչը... մարդիկ հոգնել են դրանից: Հասկանում եմ՝ քաղաքական կոզր է նախկինում եղած էդ վատ, շատ դեպքերում նաև իրականում վատ երևույթները մեջբերելով կարծես արդարացնել այս ամեն ինչը: Իմ հարցն ընդհանրապես դրան չէր վերաբերում, ու դրա համար ես շեշտեցի վերջին քանի տարիներից եմ խոսում: Էն, ինչին ես ականատես եմ եղել, էն, ինչը ես ինքս իմ վրա այդ ամեն ինչը զգացել եմ՝ ոնց է ոստիկանը ծեծում, ոնց է ոստիկանը հայհոյում, ոնց է ընկած մարդուն խփում: Իհարկե, քրեական գործը կա ու տեսնում ենք ինչ է, երկու ոստիկանի ցուցմունքով ես այսքան ժամանակ անցկացրել եմ կալանքի տակ ու դեռ շատ երկար կանցկացնեի, եթե այս ամեն ինչը չլիներ, ուղղակի ամոթ է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերում ներգրավված են եղել նաև անչափահասներ