Պատգամավորական մանդատը ստանալուց 3.5 ժամ անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դուրս եկավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) այս օրակարգով նիստ անցկացվեց, և փաստացի Լևոն Քոչարյանն ընդունեց մանդատը։
Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումն է փաստում, որ եթե քաղաքացին ստանում է մանդատ, ապա նա պետք է ազատ արձակվի կալանքից։
Լևոն Քոչարյանն այսօր չցանկացավ խոսել մանդատը ընդունելու մասին։ Հարցադրմանը, որ նրանից առաջ ցուցակում ընդգրկված երեք հոգի հրաժարվել էր մանդատից, արդյոք սա միտումնավոր էր, ասաց. - «Այս անհեթեթությունը, որ ինձ հետ տեղի ունեցավ, ու որ շատերը ականատես եղան, թե ինչպես կարող են չորս ոստիկան խոշտանգեն մարդուն, ու վերջում ինքը հայտնվի բանտում, ուղղակի քանի տարի է՝ տեսնում եք, թե ինչեր են կատարվում, իրավական ինչպիսի բեսպրեդելներ են կատարվում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ իրենք պատրաստ են ու ունակ են ավելիին։ Այս առումով մենակ ես չեմ, նաև գիտենք՝ այսօր ինչքան ուրիշ մարդիկ կան, էլի շինծու, հիմար մեղադրանքներով գտնվում են բանտում, այնպես որ այս առումով ես նրանցից մեկն եմ ու հույս ունեմ, որ բոլորն էլ շուտով կլինեն ազատության մեջ։
Ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանդատից, պատգամավորական այդ ամեն ինչից։ Այս ամեն ինչն ինձ համար անկեղծ անակնկալ էր, հիմա կարևորը, որ ես դրսում եմ, մնացածի մասին հետո երևի առիթ կլինի, կխոսենք»։
Ավելի քան 10 օր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Անցած շաբաթավերջին դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարները՝ պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել էին ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է։
Նրան նախորդող երեք թեկնածուները մանդատից միաժամանակ հրաժարվելու բացատրությունները հրապարակել էին Ֆեյսբուքում։ Հոգեբան Մադաթյանը հիմնավորել է՝ եթե մանդատը վերցնի, չի կարողանա աշխատել մասնագիտությամբ։ Նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Նալբանդյանը որպես ինքնաբացարկի պատճառ նշել է Ազգային ժողովից դուրս գալու՝ կուսակցության անցած նոյեմբերին կայացրած որոշումը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանն է միայն իր գրառման մեջ քաղաքական ակնարկ արել. «Խնդրում եմ իմ այս քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում»։ Այլ փակագծեր Վարդանյանը չի բացել։
Լրագրողների հարցին, թե չի կարծում, որ գլխավոր դատախազը միջնորդություն կներկայացնի՝ իրան անձեռնմխելիությունից զրկելու, Լևոն Քոչարյանը պատասխանեց. - «Ես այս մարդկանցից ամեն ինչ էլ սպասում եմ, որովհետև ասում եմ, որ այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, մի հատ զավեշտ էր»։
Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրեցին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, թեև ինքը հակառակն է պնդում, որ իրեն են հարվածել:
Գլխավոր դատախազությունն այսօր այդպես էլ չպատասխանեց «Ազատության» հարցին, թե արդյոք պատրաստվում է միջնորդություն ներկայացնել խորհրդարան։