Բաքուն «անհամարժեք և անընդունելի» է համարել Բորելի հայտարարությունները

Բաքուն «անհամարժեք և անընդունելի» է համարել Բրյուսելում ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունները։

Բորելը երեկ Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ընդլայնում են ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, ապա ընդգծեց՝ պետք է շատ զգոն լինեն Հայաստանը և՛ դրսից, և՛ ներսից ապակայունացնելու ցանկացած փորձի դեպքում։

ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև ուղերձ հղեց Ադրբեջանին․ - «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և շատ ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա», - ասաց Բորելը՝ Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների կոչ նաև հղելով։

Ընդգծելով, որ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները միտումնավոր «խեղաթյուրում են իրողությունները տարածաշրջանում»՝ Բաքուն շեշտել է՝ «այդ մեղադրանքները սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը, մասնավորապես, նշել է՝ «ԵՄ-ի ջանքերը՝ զինելու Հայաստանին և դրանով իսկ աջակցելու նենգ ռազմականացման քաղաքականությանը, խոչընդոտում են տարածաշրջանի խաղաղությանն ու խրախուսում նոր հակամարտություններ, որի պատասխանատվությունը միաժամանակ ընկնում է ԵՄ վրա»։

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք՝ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ թե դրական արդյունքի կբերի, այլ՝ համարժեք պատասխանի», - ասված է հայտարարությունում։

ԵՄ արտգործնախարարների խորհուրդը երեկ Բրյուսելում, Ժոզեպ Բորելի գլխավորությամբ, քննարկեց «Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված վերջին զարգացումները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոլոննա. Կարևոր է, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը հստակ հաստատի աջակցությունը Հայաստանին