Միրզոյանը Լոնդոնում է՝ մասնակցելու Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության առաջին նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով Լոնդոնում է՝ մասնակցելու Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության առաջին նիստին։

Արարատ Միրզոյանը հանդիպելու է նաև Միացյալ Թագավորության իր գործընկերոջ հետ։ Այս պաշտոնում այսօր բրիտանական կառավարության նախկին ղեկավար Դեյվիդ Քեմերոնը նշանակվեց ու պարզ չէ՝ արդյոք նիստը կամ հանդիպումները կայացել են, թե՝ ոչ։ Ոչ Հայաստանի արտգործնախարարությունը, ոչ էլ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը որևէ տեղեկություն չեն հայտնել:

Այն, որ Երևանն ու Լոնդոնը սկսում են ռազմավարական երկխոսություն, ազդարարվեց այս տարվա մայիսին, երբ Երևանում էր Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԹ-ն հետաքրքրված է տարբեր ուղղություններով ՀՀ-ի հետ կապերի ընդլայնմամբ․ Դոքերթի

Միրզոյանն այդ ժամանակ կարևորել էր ռազմավարական երկխոսության մեկնարկը, հայտարարել, որ Երևանը կարևորում է Լոնդոնի հետ համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասով տարվող աշխատանքները, արժևորում է երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունն ու հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությանը նոր լիցք կհաղորդվի:

Դրանից հետո՝ սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ Հայաստանը Լոնդոնում ավելի քան 17 միլիոն ֆունտով դեսպանության նոր շենք է ձեռք բերել:

Ըստ քաղաքագետի, Հայաստանը ցանկանում է վերագործարկել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ ակնհայտ է, որ Հայաստանը ցանկանում է վերագործարկել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:

«Ես արտգործնախարարի այցը, Միացյալ Թագավորությունում նոր դեսպանատան ձեռքբերումը և ըստ էության, Միացյալ Նահանգներում մեր նախկին դեսպանի գործուղումը որպես Միացյալ Թագավորությունում մեր դեսպան, այդ ամենը դիտարկում եմ մեկ միասնական մոտեցման մեջ, որի նպատակն է Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերություններն, ըստ էության, վերագործարկել, նոր սկիզբ հաղորդել դրանց», - ասաց Քոչինյանը:

Այսօր Արտգործնախարար Միրզոյանի Լոնդոն այցից և նախատեսվող հանդիպումներից երեք օր առաջ ՝ The Guardian-ը հոդված էր հրապարակել, նշելով, որ ըստ Global Witness կազմակերպության հետազոտության՝ Բրիթիշ Փեթրոլիումը նպաստել է ղարաբաղյան հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, ոչ ուղղակիորեն, սակայն լինելով Ադրբեջանի ամենամեծ ներդրողը՝ անուղղակիորեն օգնել է Ադրբեջանին ֆինանսավորել սեպտեմբերի ռազմական ագրեսիան: Նավթից ու գազից ստացած եկամուտների շնորհիվ, ըստ հետազոտողների, Ադրբեջանը 2020-թվականի 44-օրյա պատերազմից ի վեր չորս անգամ ավելացրել է ռազմական ծախսերը։

Հաշվի առնելով Լոնդոնի սերտ համագործակցությունը Անկարայի և Բաքվի հետ, որքանո՞վ է հնարավոր հայ - բրիտանական հարաբերությունների զարգացում: Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ Հայաստանը չպետք է խաչ քաշի այն երկրների վրա, որ զարգացած հարաբերություններ ունեն Թուրքիայի և Ադրբեջանի:

«Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ օրինակ՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունները կարող են ստվերել Միացյալ Թագավորության և Ադրբեջանի հարաբերությունները, ճիշտն ասած, այս պահին նման հնարավորություններ չեմ տեսնում: Բայց միանշանակ է, որ այն մոտեցումը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանում, որ իմաստ չունի աշխատել, օրինակ երկրների հետ, որոնք արդեն ձևավորված կապեր ունեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, մեզ ոչ մի տեղ չբերեց, դա սխալ քաղաքականություն էր, ըստ էության: Անկախ նրանից, թե ինչպիսին են Միացյալ Թագավորության հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մենք, ես կարծում եմ, որ ունենք բավականին մեծ անելիք, մեծ աշխատելու տեղ ունենք այդտեղ և պետք է հնարավորինս փորձենք բերել ամենաբարձր մակարդակի այդ հարաբերությունները», - ընդգծեց քաղաքագետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Լոնդոնը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւմ է Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը՝ Հայաստանի հետ կապեր ձևավորելու, Քոչինյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ ամեն ինչ թողած մեզանով են հիմա զբաղվում և այդ հետաքրքրությունը ծայրահեղ մեծ է: Միշտ, բոլոր պարագաներում մեծ տերությունները ցանկանում են ունենալ հնարավորինս այլընտրանքներ, դա, բնականաբար, վերաբերում է նաև ենթակառուցվածքների հարցերին: Իհարկե, լավ է մի ճանապարհ ունենալ, երկու ճանապարհ ունենալ, բայց էլ ավելի լավ է երեք ճանապարհ ունենալ ապրանքները տեղափոխելու, շրջանցելու և այլն: Միացյալ Թագավորությունը, ըստ էության, վարում է հենց այն քաղաքականությունը, որը ես ուզում եմ, որ վարի նաև Հայաստանը, այսինքն, բոլոր հնարավոր կողմերի հետ ունենալ հնարավորինս լավ հարաբերություններ: Թե չէ ինչ-որ կոնկրետ ռազմավարական հետաքրքրությունների շեշտակի փոփոխությունների մասին, ես կարծում եմ, ավելորդ է այս պահի դրությամբ խոսել»:

Արդյոք սերտ հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ չեն խանգարի Լոնդոնին Երևանի հետ սերտացնել հարաբերությունները, մայիսին Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ևս կարծիք էր հայտնել, որ սերտ հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ չպետք է որ խանգարեն, քանի որ Լոնդոնը հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունի:

Երկու շաբաթ առաջ Բրիտանական Խորհրդարանում արտաքին քաղաքականությանը նվիրված քննարկման ժամանակ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը նշեց, որ առաջիկա շաբաթներին դարձյալ կայցելի տարածաշրջան:

Պատասխանելով Շոտլանդիայի ազգային կուսակցությունից պատգամավոր Քրիս Լոուի դիտարկմանը, թե արդյոք նախարարը համաձայն չէ, որ Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման հետևանքով գրեթե ողջ հայ բնակչության տեղահանությունը էթնիկ զտման նշաններ է պարունակում, նախարարը նշել էր, որ համաձայն չէ այդ պնդման հետ, առանց մանրամասնելու:

Նա նաև հավելել էր, որ երկու կողմերին էլ կոչ են արել վերսկսել երկխոսությունը և որ բանակցությունները պետք է լինեն խաղաղ պայմանագրի հիմքում: Ըստ Լեո Դոքերթիի՝ այդ մասին ինքն ասել է երկու երկրների արգործնախարարներին անցած շաբաթների ընթացքում և ևս մեկ անգամ կասի, երբ առաջիկա շաբաթներին այցելի Հայաստան և Ադրբեջան: